Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում խոր մտահոգություն հայտնեց, որ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հրապարակած «Կոռուպցիայի ընկալման ցուցիչ 2022» զեկույցում Հայաստանը երեք կետով նահանջ է գրանցել ու դիտարկվող երկրների մեջ 58-րդ տեղից հայտնվել 63-րդ տեղում։ Թեեւ, մյուս կողմից, նա հպարտությամբ էր նշում, որ ՊԵԿ-ում եւ այլ պետական մարմիններում իրենք մի շարք կոռուպցիոն բնույթի դեպքեր են բացահայտել, բայց նաեւ չէր կարողանում արդարացում գտնել, թե ինչու է «ամենահակակոռուպցիոն» իշխանության օրոք, որտեղ «համակարգային կոռուպցիան իսպառ բացակայում է», Հայաստանը, բարելավելու փոխարեն, վատթարացնում իր դիրքերը։ Փաշինյանի օրոք Հայաստանը, իհարկե, բոլոր ճակատներում է նահանջ գրանցում, այդ թվում եւ հատկապես՝ ռազմաճակատում․ Շուշիից մինչեւ Ջերմուկ ու Վարդենիս մենք դեռեւս նահանջում ենք ու նահանջում, առաջընթացի միակ հույսը մնացել էր կոռուպցիայի դեմ պայքարը, այն էլ՝ այստեղ էլ ենք, փաստորեն, նահանջ արձանագրում։
Այս ամենը բացատրելու համար Փաշինյանը երեկ կառավարության նիստին հրավիրել էր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին, որ նրանք «մասնագիտորեն» հիմնավորեն, թե ինչու է Հայաստանում կոռուպցիան, նվազելու փոխարեն, բարելավում դիրքերը։
Հոկտանյանի խոսքով՝ մինչեւ 2012-2018թթ. այդ ցուցիչը տատանվում էր 33-37-ի միջեւ, որից հետո, 2 տարիների ընթացքում, եղել է կտրուկ առաջընթաց, 2019-ին միանգամից 42-ով բարձրացել է, իսկ 2020-ին եւս 7 միավոր ավելացել է. «2021-ին կանգնեց աճը եւ այս տարի նահանջեց: Այդ նահանջը վիճակագրորեն զգալի չէ, բայց անհանգստանալու կարիք կա, 3 միավոր նահանջը քիչ չէ»: Նրա ծավալուն ելույթից հասկացվեց այն, որ Հայաստանում կոռուպցիան լավ էլ համակարգային բնույթ է կրում, ուղղակի բացահայտումներն արվում են հիմնականում «մելկի ժուլիկների» մակարդակով՝ մաքսայինի ծառայողներ, հարկայինի տեսուչներ եւ այլն, իսկ, ահա, «խոշոր ձկներին» այս կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում բացահայտել, որքան էլ որ մամուլը նրանց մասին պարբերաբար, անուն առ անուն գրում է։ Ու այդ անուններից ոմանք երեկ կառավարության անդամի կամ բարձրաստիճան պաշտոնյայի կարգավիճակում ներկա էին նիստին ու լսում էին, թե ինչպես է իրենց կառավարության ղեկավարը, որը մարտական դիրքերում արձանագրած նահանջից այդքան չի մտահոգվում, խոր մտահոգություն հայտնում կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված նահանջի համար։