Search
Close this search box.

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում միջազգային կառույցներին հետաքննություն անցկացնել Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունների մասով։ Այս մասին «Արմենպրես»-ին տված մեկնաբանությունում ասել է ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Նշենք, որ ՄԱԿ–ի մանդատակիրների կողմից վերջերս հրապարակվել է Ադրբեջանին ուղղված նամակը, որը Ադրբեջանի կառավարությունից պահանջում է բացատրություններ ներկայացնել 2022 թ.–ի սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կատարված պատերազմական հանցագործությունների դեպքերի վերաբերյալ: Նամակում անդրադարձ է կատարվում նաև 2020 թվականի նոյեմբերին կրակի դադարից հետո ռազմագերիներին ազատ չարձակելու հարցին։

«Անհրաժեշտ է պահանջել հանցագործությունների մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկել, այդ թվում՝ միջազգային պատժամիջոցների կիրառմամբ»,– ասել է Հունանյանը։

Նա նաև ընդգծել է, որ անցած տարվա աշնանն Ադրբեջանի արած այն հայտարարությունը, թե իր ԶՈւ–ի կատարած պատերազմական հանցագործությունների առթիվ հետաքննություն է սկսելու` կեղծիք էր։

«ՄԱԿ-ի մանդատակիրները պատասխան չեն ստացել նաև 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում անօրինական պատանդառության մեջ գտնվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց մասին։ Նրանք նաև պատասխան չունեն բռնի անհետացումների դեպքերի վերաբերյալ իրենց հարցադրումներին: Ադրբեջանը՝ լինելով մարդու իրավունքների վերաբերյալ ՄԱԿ-ի հիմնարար փաստաթղթերի անդամ, կոպտորեն խախտում է դրանք, հաշվի չի առնում ՄԱԿ-ի մարմինների կողմից իրեն տրված հանձնարարականները»,– նշել է ԱԳ նախարարի մամուլի խոսնակը։

Նրա խոսքով` այս իրավիճակում հրամայական է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները միջազգային պատշաճ հետաքննության իրականացումը, մեղավորներին ու կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելը: Բացի այդ, ըստ արտաքին գերատեսչության, միջազգային հանրությունը պարտավոր է մեծացնել ճնշումը՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, բռնի անհետացումների և անհետ կորածների ճակատագրերի բացահայտման համար։
Հայաստանը նաև ցանկանում է ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ վերջին շրջանում Ադրբեջանը ՄԱԿ կառույցներին ահաբեկելու և ճնշում գործադրելու միջոցով ստիպում է վերջիններիս չբարձրաձայնել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների աղաղակող խախտումներին վերաբերող դեպքերը։

Չնայած ադրբեջանական գործողություններին՝ ԱԳՆ–ն վստահ է, որ ՄԱԿ բոլոր մարմինները, այդ թվում` առաջին հերթին մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կառույցները, կշարունակեն իրականացնել իրենց աշխատանքը ՄԱԿ կանոնադրության ոգուն և տառին համապատասխան:

Please enter a valid URL