Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհված հայերի թվում է նաև հայազգի երգչուհի Զիլան Տիգրիսը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է տիգրանակերտցի հայ երաժիշտ Ուդի Երվանդին (Երվանդ Բոսթանջյան)։
Դիարբեքիրում երգչուհուն և ամուսնուն մահացած են գտել փլատակներում։
«Ձեռքերս դողալով եմ գրում․ դժբախտաբար կորցրեցինք մեր թանկագին քրոջը՝ Զիլան Տիգրիսին և իր ամուսնուն։ Ցավակցում եմ Դիարբեքիրում նրան սիրողներին։ Կորցրեցինք մեր ձայներից մեկը։ Նրա հետ մի շաբաթ առաջ էի երկար զրուցել Սուրբ Կիրակոս եկեղեցում։ Անպատմելի վիշտ եմ ապրում»,–հայտնել է երաժիշտը։
Հիշցենենք, որ երկու օր շարունակ Զիլան Տիգրիսին և նրա ամուսնուն` Չաղդաշ Չանքայանին փնտրում էին փլատակներում։
Զիլան Տիգրիսը ծնվել էր 1972 թ., Տիգրանակերտում, որտեղ էլ կրթություն է ստացել։ Նա հայկական ծագում ուներ և՛ մորական, և՛ հորական կողմից։ Հայազգի երգչուհին 2015 թ․ օգոստոսին մասնակցել էր ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում էլ 85 հայերի հետ մեկտեղ այցելել էր Հայաստան։