ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Այսպիսով, նրա նկատմամբ հնարավոր կլինի հանրային քրեական հետապնդում հարուցել։
Ավելի վաղ Չարչյանի դեմ միջնորդությունը խորհրդարանում ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
Ընդդիմադիր պատգամավորին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 68։ Կողմ է քվեարկել 67, դեմ և ձեռնպահ պատգամավորներ չկային։
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հրաժարվել են մասնակցել Չարչյանի գործով միջնորդության քննարկմանն ու քվեարկությանը։
Վարդապետյանի ներկայացրած միջնորդության համաձայն` Չարչյանն ակնհայտ կեղծ եզրակացություն է տվել քրեական գործի վերաբերյալ, որն առանձնապես ծանր հետևանքներ է ունեցել գործով մեղադրյալի համար` առաջացնելով Արթուր Սարգսյանի (ավելի հայտնի է որպես «Հաց բերող») մահը։ Վարդապետյանի խոսքով` պատգամավորը` որպես կրկնակի բժշկական հանձնաժողովի փորձագետ, Սարգսյանի առողջական վիճակի պատճառով դրական եզրակացություն է տվել կալանավորմանը, սակայն կասկածյալի հիվանդությունը եղել է կալանավորման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկում։
Նշենք, որ փետրվարի 8-ին էլ խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
Հիշեցնենք, որ Չարչյանն անցնում է նաև մեկ այլ քրգործով. նա մեղադրվում է ընտրողներին ուղղորդելու մեջ: Նրա դեմ հարուցված քրգործով նիստերը շարունակվում են։