Անհրաժեշտ է ակտիվորեն բարձրացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական փակման եւ Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամի խնդիրները։ Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց այս պաշտոնի միակ թեկնածու, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Սա, նրա խոսքով, պետք է անել՝ հիմնվելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա։
Հաջորդ կարեւոր հարցը, որի լուծմամբ պատրաստվում է զբաղվել Խանդանյանը, ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինվորականների եւ քաղաքացիական անձանց վերադարձն է։ Պատգամավորի առաջնահերթությունների թվում է 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորածների ճակատագիրը պարզելը։
«Միջազգային շփումների ընթացքում շատ կարեւոր է բարձրացնել 2021-2022 թվականներին Ադրբեջանի կողմից մեր տարածքների օկուպացման հարցը։ Պետք է խոսել նաեւ ադրբեջանցի զինվորականների կողմից իրականացված ռազմական հանցագործությունների եւ դրանց հետեւանքների մասին»,- շեշտեց թեկնածուն։ Միաժամանակ Խանդանյանը մեջբերեց իշխող կուսակցության քաղաքական ծրագրից մի հատված. «Պետք է մշակել հարեւան երկրների, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության բանաձեւ։ Ես լիովին համաձայն եմ սրա հետ եւ կողմ եմ բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը, խաղաղության հաստատմանը եւ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»,- ասաց պատգամավորը։