Չնայած Հայաստանի բոլոր ջանքերին՝ իրավիճակը տարածաշրջանումն մնում է փուխր եւ լարված, նոր թեժացման հավանականություն է զգացվում։ Այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրիչ Ռադմանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Միրզոյանի խոսքով՝ 2020թ. Արցախի եւ Հայաստանի դեմ, 2021թ. մայիսին եւ նոյեմբերին եւ 2022թ. սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ստեղծված մարտահրավերները ոչ միայն նվազագույնի են հասցնում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը, այլեւ սպառնում են հայկական դեմոկրատիային։ Նախարարը հիշեցրել է, որ ահա արդեն 2 ամիս է՝ Ադրբեջանը, եռակողմ հայտարարության շրջանակում կոպտորեն խախտելով իր պարտավորությունները եւ Միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, շրջափակել է Լաչինի միջանցքը։ Նախարարը նշել է, որ սրվող ճգնաժամը կարող է վերածվել աղետի, իսկ կոչերը չեն ազդել Ադրբեջանի վարքագծի վրա։ Այս առնչությամբ Միրզոյանն ընդգծել է գործողությունների եւ միջազգային մեխանիզմների անհրաժեշտությունը՝ շրջափակումը եւ էթնիկ զտումները դադարեցնելու եւ ապագա ագրեսիան կանխելու համար։ Նախարարը նշել է Լաչինի միջանցք փաստահավաք միջազգային խումբ ուղարկելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ԵՄ մոնիթորինգային խմբի աշխատանքի կարեւորությունը։
Միրզոյանն ընդգծել է, որ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը, մարդու իրավունքների զանգվածային խախտումները չեն կարող խաղաղության եւ կայունության հիմք ստեղծել։ Հայաստանը բազմիցս հայտարարել է կառուցողական երկխոսության պատրաստակամության մասին՝ հանուն խաղաղության Հարավային Կովկասում։ Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, ամփոփել է Միրզոյանը։