Շատ կարեւոր է պարզել, թե ինչ է տեղի ունեցել դեպքին նախորդող ժմանակահատվածում այդ կացարանում: Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Ազատ գյուղում զորամասի կացարանի հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողներից 13-ի ծնողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:
«Այդտեղ կենդանի մնացածներից որոշների վարքագիծը հակասում է այն շրջանառվող վարկածին, ժամանակագրական առումով լուրջ հակասություններ ունեն: 21 հոգի են եղել, որից 6-ին հաջողվել է դուրս գալ շենքից, պետք է հասկանալ՝ մնացած 15-ին ինչու չճի հաջողվել դուրս գալ: Դուք բոլորդ տեսել եք ճաղավանդակները, այնտեղից դուրս գալու հավանկանությունը շատ քիչ է: Մենք կմիջնորդենք, որ փորձարարություն իրականացվի: Ասենք այդ ճաղավանդակներից դուրս եկած երեխան, որ բուժվել է, բոլորիս ներկայությամբ իրականացվի փորձարարություն, տեսնենք հնարավո՞ր է այդ ճաղավանդակից դուրս գալ այդ իրավիճակում: Ես ներքին համոզմունք ունեմ, որ հրդեհի պահին երեխաներն արդեն գիտակից չեն եղել, գուցե նաեւ կենդանի չեն եղել: Դա պետք է պարզել: մենք ուրիշ տվյալ ունենք, որը հիմա չեմ հրապարակելու»«-ասաց Նորիկյնը: Նրա խոսքով, ծնողների կողմից խնդիր է բարձրացվել, որ դեպքին նախորդած ժամանակահատվածում սպաների և զինծառայողների միջև եղել են անհարթություններ, հակասություններ ու վեճեր. «Այս պահին կհաստատեմ այդ տեղեկությունները Եղիշե Հակոբյանի (ողջ մնացած կապիտանի մասին է խոսքը-խմբ) մասով։ Բայց այստեղ շատ լուրջ խնդիր կա, մասնագիտական հարթությունում պետք է տեսնենք կապը՝ վեճերի ու հրդեհի միջև, արդյո՞ք դրանց մեջ առկա է պատաճառահետևանքային կապ, թե ոչ»,- ասաց Նորիկյանը։
Փաստաբանը ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ հանգամանքի վրա։
«Ի՞նչ բուն պարտականություններ են կատարել այդ երեխաները, ինչ ծառայություն են իրականացրել, ինչ տեխնիկայի, միջոցների են տիրապետել։ Ծնողների մոտ մտավախություն կա, որ երեխաների գործառութային վարքագծով պայմանավորված նրանց կողմից տիրապետվող ինֆորմացիան կարող էր նրանց դարձնել թիրախ և լիկվիդացիայի պատճառ։ Այսինքն նրանք տիրապետել են որոշակի ինֆորմացիայի ու այդ հանգամանքը դարձել է նրանց մահվան պատճառ: Բայց սա ընդամենը ծնողների մտավախությունն է»,- ասաց նա։
Փաստաբանը նաեւ հայտարարեց, որ սյս գործով պետք է պատասխան տան ոչ միայն սլաքավարները, հանկարծ մեր ուշադրությունը չշեղեն միայն կապիտանով կամ կոմունալ ծառայության պետով սահմանափակվեն, այս շղթան հասնում է ոչ միայն բանակային կորպուսի ղեկավար կազմ, այլեւ մինչեւ ՊՆ համապատասխան վարչություններ: «Տարիներ շարունակ այնպես են արել, որ բանակում մի քանի սլաքավար պատասխան են տվել, իսկ խոշոր շնաձկները այդպես էլ մնացել են անպատիժ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Այս դեպքի առնչությամբ քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է. «19․01․2023թ-ին՝ ժամը 00։40-ի սահմաններում, անձնակազմի հիմնական մասը գտնվել է զորանոցում՝ քնած, իսկ 2 ժամկետային զինծառայող վարորդները գնացել են աղբյուրից ջուր բերելու։ Օրվա հերթապահը գտնվել է կացարանից քիչ հեռու գտնվող խոհանոցում և խոսել է բջջային հեռախոսով։ Այդ ընթացքում վաշտի պատասխանատու կապիտանը հերթապահ ժամկետային զինծառայողից հարցրել և տեղեկացել է վառարանը վառելու նպատակով ավտոկայանատեղիում՝ ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի գործարկման սարքավորումը (մեկնարկիչը) լիցքավորելու համար նախատեսված ավտոբենզինի առկայության մասին։ Այնուհետև 5 լիտր տարողությամբ պլաստամսե տարայում գտնվող ավտոբենզինով փորձել է վառել վառարանը։
Այս հանգամանքը փաստվում է նաև վկաների տված ցուցմունքով առ այն, որ այդ հատվածում եղել է բենզինով լցված 5 լիտրանոց 10 տարա, մինչդեռ դեպքի վայրի զննությամբ այնտեղ հայտնաբերվել է 9-ը։
Վառարանն ավտոբենզին լցնելուց հետո բոց է բռնկվել, որի հետևանքով պատասխանատու կապիտանը, այրվածքներ ստանալով, մեխանիկորեն իր ձեռքի ավտոբենզինով լի տարան նետել է մի կողմ, որն ընկել է կացարանի մեջ, ապա տվյալ օրվա վերակարգում գտնվող մեկ այլ ժամկետային զինծառայողի հետ, ով նույնպես ստացել է այրվածքներ, մի կերպ կարողացել են դուրս գալ կացարանից։
Կացարանի ողջ տարածքով կրակի արագ տարածման հետևանքով զինծառայողները չեն կարողացել կացարանի մուտքով դուրս գալ, սակայն դրսում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողները կարողացել են 2 ժամկետային զինծառայողի օգնել դուրս գալ զորանոցից։
Դրսում գտնվող ժամկետային զինծառայող վարորդներից մեկը «Ուրալ» մակնիշի ավոտմեքենայով երկու անգամ հարվածել է կացարանի պատին՝ անցք բացելու և համածառայակիցներին այնտեղից դուրս բերելու նպատակով, որի արդյունքում պատի որոշակի հատված քանդվել է։ Սակայն կրակի արագ տարածման պատճառով կացարանում գտնվող մյուս զինծառայողներին չեն կարողացել դուրս բերել, որի արդյունքում թվով 15 ժամկետային զինծառայողներ մահացել են։ Նրանց դիերը դուրս են բերվել հրդեհը մարվելուց հետո»։