Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի խաղաղապահներ ուղարկելու գաղափարը հազիվ թե իրատեսական լինի. տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման խնդիրները արդյունավետորեն լուծում է ռուսական խաղաղապահ զորակազմը։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը:
Նա նշել է, որ միջազգային և արտասահմանյան կազմակերպություններից մինչ օրս Ղարաբաղում աշխատում է միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իսկ ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն այդպես էլ ադրբեջանցիների և հայերի թույլտվությունը չեն ստացել այնտեղ մուտք գործելու համար նույնիսկ կարիքների գնահատման առաջնային առաքելություն իրականացնելու նպատակով:
Իլյիչևի խոսքով` «դժվարությունները ծագում են կողմերի հետ հավասարապես հեռու դիրքորոշում պահպանելու անհնարինության քաղաքական պատճառով, ներառյալ տարածաշրջան ժամանելու և մեկնելու եղանակները, հաշվետվողականությունը, վերահսկողությունը և մարդասիրական գործունեության կառուցման իրավական հիմքը։
«Լեռնային Ղարաբաղին անգամ միջազգային մարդասիրական աջակցության հաստատման ուղղությամբ առաջընթացի բացակայության պայմաններում միջազգային խաղաղապահ զորակազմ ուղարկելու գաղափարի գործնական իրականացումը, ինչը կպահանջի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թույլտվությունը, հազիվ թե իրատեսական է»,-եզրափակել է Իլյիչևը։