Առնվազն 50 մարդ է զոհվել Թուրքիայի հարավ-արևելքում 7,4 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժի հետևանքով։ Այս մասին հայտնում է RTVI-ը:
Նշվում է, որ տեղի իշխանությունների տվյալներով` Դիարբեքիրում մահացել է վեց մարդ, Օսմանիեում՝ 7, Շանլըուրֆայում՝ 15, Մալաթիայում՝ 23։
Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները` Թուրքիայի հարավում՝ Գազիանթեփ քաղաքի մոտ, ժամը 4:17-ին 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է բնակավայրից 37 կմ հեռավորության վրա՝ 10 կմ խորության վրա։ Մի քանի քաղաքներում տներ են փլուզվե:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման մարմնի տեղեկատվությունը տարբերվում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից։ Գործակալության տվյալներով՝ ժամը 4:17-ին 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պազարջիկ քաղաքում (Քահրամանմարաշ նահանգ) 7 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ադանայում, Անկարայում, Անթալիայում, Գազիանթեփում, Կայսերիում, Մերսինում, Տրապիզոնում, Շանլըուրֆայում։ Երկրաշարժը զգացվել է Սիրիայում, Լիբանանում և Կիպրոսում։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն TRT հեռուստաընկերության եթերում ասել է, որ առաջին երկրաշարժից հետո գրանցվել է ևս վեց խոշոր հետցնցում՝ ավելի քան 6 բալ ուժգնությամբ, նրա խոսքով՝ երկրի մի քանի շրջաններ հայտարարվել են տագնապի ամենաբարձր մակարդակ։
Օսմանիե նահանգի ղեկավարը հայտարարել է 34 ավերված շինությունների և հինգ զոհերի մասին։ Շանլըուրֆա նահանգում ավերվել է 16 շենք, առնվազն 10 մարդ զոհվել է։
Ադանա քաղաքում երեք բազմահարկ շենք է ավերվել, Դիարբեքիր նահանգում փլուզվել է ութ հարկանի շենք։ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա նահանգում առնվազն երեք մարդ է զոհվել, մոտ 100 մարդ վիրավորվել է։
Ըստ Sana գործակալության՝ Սիրիայի Համա քաղաքում (գտնվում է Թուրքիայի հետ սահմանից 150 կմ հեռավորության վրա) ութ հարկանի շենք է փլուզվել։