Մեկամյա գործունեության արդյունավետությունն ու սպասվելիք հաջողությունները
Արդեն մեկ տարի է` Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարի պաշտոնում է Արգիշտի Մեխակյանը: “Պրեստիժ” ամսագիրը նրա հետ զրուցել է համայնքում իրականացված աշխատանքների, դրանց արդյունավետության և նոր հեռանկարների մասին:
Պետության եւ համայնքապետարանի միջոցներով իրականացված սուբվենցիոն ծրագրերը նպաստում են համայնքի բարելավմանը:
Այս մեկ տարվա ընթացքում հասցրել ենք միջազգային ընկերությունների հետ համագործակցական տարբեր ուղիներ գտնել:
Ներդրողները բավականին հետաքրքրված են Խոյ համայնքով. մեծամասամբ ներդրումներն իրականացվում են մեր հայրենակիցների կողմից:
Նախընտրական ծրագիրը դարձնելով աշխատանքային փաստաթուղթ` հատեւողականորեն գնում ենք ի գործ` իրականացնելու խոստացած բոլոր կետերը:
Բացառապես աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել հաջող արդյունքի:
-Պարո°ն Մեխակյան, շնորհակալ ենք զրույցի համար: Արդեն մեկ տարի է` զբաղեցնում եք Խոյ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Ամփոփելով մեկ տարվա գործունեությունը` ըստ Ձեզ` որքանո՞վ էր արդյունավետ խոշորացումը, ի՞նչ ծրագրեր ունեք իրականացրած և ի՞նչ հաջողություններ եք գրանցել այս փուլում:
-Ես ևս շնորհակալ եմ զրույցի համար:
Որպես տարվա ամփոփում` ասեմ, որ խոշորացումն իր արդյունքը տալիս է. ունենք կառավարության կողմից հաստատված մեծ թվով սուբվենցիոն ծրագրեր, որոնց մի մասն արդեն մեկնարկել է, ինչպես նաև համայնքային միջոցներով իրականացվող նոր ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են: Նախորդ տարիներից կիսատ մնացած բոլոր ծրագրերն այս տարի իրենց ավարտուն տեսքին կգան` մասնավորապես Գեղակերտ գյուղի գազիֆիկացումն ու ոռոգման ցանցի ընդլայնումը, Դաշտ գյուղի գազիֆիկացման ցանցի ընդլայնումը, ինչպես նաև Արշալույս գյուղի մշակույթի տան տանիքի հիմնանորոգումը:
-Ձեր` համայնքի ղեկավար լինելու ամիսներին կառավարության կողմից հաստատվել են մեծ թվով սուբվենցիոն ծրագրեր, որոնք ընդգրկում են համայնքի գրեթե բոլոր բնակավայրերը: Խոսենք այդ ծրագրերի և դրանց ընթացիկ աշխատանքների մասին:
-Կառավարության կողմից հաստատված սուբվենցիոն ծրագրերը ներառում են Խոյ համայնքի գրեթե բոլոր գյուղերում իրականացվելիք տարբեր աշխատանքներ` ասֆալտապատում, տուֆով սալարկում, մայթերի վերականգնում, ոռոգման ցանցի ընդլայնում ու վերակառուցում, մշակույթի տների նորոգում, համայնքապատկան տարածքների վերանորոգում և սպորտդպրոցների վերածում:
Մեզ մոտ ծրագրերի իրականացումը երբեմն մի փոքր ուշանում է, ինչը կապված է զուտ ֆինանսական միջոցների հետ: Համայնքի բնակիչներից մեր խնդրանքն է, որ իրենց անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունները բարեխղճորեն իրականացնեն, որպեսզի կարողանանք դրանք արդեն ծրագրերի իրականացման տեսքով ետ բերել իրենց:
Խոյ համայնքում իրականացվող սուբվենցիոն ծրագրերն են.
Փողոցների լուսավորությունը. Արշալույս գյուղում ընդլայնվել է փողոցների լուսավորությունը, աշխատանքներն արդեն ավարտել ենք: Իսկ Շահումյան գյուղում, որտեղ երբևիցե չի եզել գիշերային լուսավորության ցանց, ամբողջությամբ կառուցվում է նորը. աշխատանքներն ավարտական փուլում են: Երկու գյուղերում լուսավորության ցանցի աշխատանքները կազմել են 40մլն 135 հզր 280դրամ, որից 55%-ը համայնքապետարանի, 45%-ը պետության միջոցներով: Այս գումարն իր մեջ ներառում է նաև ողջ փորձաքննության, նախագծի, տեխնիկական հսկողության ու հեղինակային հսկողության արժեքները:
Գազիֆիկացումը. Թվով երեք` Աղավնատուն, Արշալույս, Մոնթեավան գյուղերում իրականացրել ենք գազիֆիկացման ցանցի ընդլայնում: Ընդհանուր ծրագրի համար տրամադրվել է 173.7 մլն դրամ, որի 55%-ը եղել է համայնքի մասնաբաժինը, իսկ 45%-ը` պետության: Մասնավորապես նշեմ, որ Աղավնատուն գյուղի համար տրամադրվել է 69.6 մլն դրամ, Արշալույս գյուղի համար` 57.2 մլն դրամ, Մոնթեավան գյուղի համար` 46.8 մլն դրամ:
Հաջորդը` մեծ փաթեթով ներկայացրել ենք ոռոգման ջրի ծրագիրը, որն իր մեջ ներառում է թվով 19 խորքային հորեր և Ծիածան գյուղի ոռոգման ներտնտեսային ցանցի վերակառուցումն ու ընդլայնումը: Ծիածան գյուղի ներտնտեսային ոռոգման ցանցի ընդլայնման աշխատանքների ծախսը կազմել է 62.3 մլն դրամ` 40%-60% համամասնությամբ:
Մնացած 19 խորքային հորերում վերականգնման աշխատանքներ ենք իրականացնելու, որից միայն 8-ը Արշալույս գյուղում` հաշվի առնելով գյուղում առկա ոռոգման ջրի մեծ խնդիրը: Խորքային հորերի դեպքում ոռոգման ցանցի ծրագրի արժեքը 303 մլն դրամից ավելի է, որից 40%-ը համայնքի վճարման մասնաբաժինն է, 60%-ը` պետության: 2023թ. սկզբից կսկսվեն վերականգնողական աշխատանքները:
Ծաղկալանջ գյուղում խմելու ջրի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգի վերակառուցման ծրագիր: Խմելու ջրի ծրագիրն ավարտական փուլում է գտնվում, մինչև տարվա վերջ բնակիչներն արդեն հնարավորություն կունենան դիմել ՙՎեոլիա ջուր՚ և դառնալ բաժանորդ: Ծրագրի արժեքը 125մլն 690հզր դրամ է` համայնքի և պետության կողմից 40%-60% համամասնությամբ:
Ասֆալտապատման ծրագիրը ներառում է Գեղակերտ գյուղի երեք փողոցներ, Մոնթեավանի գլխավոր փողոցը, Այգեշատ գյուղում կենտրոնական փողոցից դեպի դպրոց և մանկապարտեզ տանող ճանապարհը, Դողս և Աղավնատուն գյուղերն իրար կապող ճանապարհն ամբողջությամբ և Լեռնամերձ գյուղի դեպի գերեզմանատուն տանող ճանապարհը: Ծրագրի համար տրամադրվել է 467.2 մլն դրամ` 65%-ը համայնքի մասնաբաժինը, 35%-ը` պետության:
Ասֆալտապատման ծրագրին ի լրումն ասեմ, որ ոչ սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվելու է դեպի Աղավնատուն տանող շուրջ 7.3կմ ճանապարհը: Այս ծրագրի իրագործումը սկսվել է ՀՀ վարչապետի հետ պայմանավորվածության հիմքով, ՙՃանապարհային դեպարտամենտ՚ հիմնադրամի հայտարարած մրցույթի արդյունքում ընտրվել է շահողը, ում հետ իրականացվում են նախագծային աշխատանքներ: Ակնկալվում է, որ 2023թ.-ին այդ ճանապարհն ամբողջությամբ կհիմնանորոգվի: Աղավնատուն տանող ճանապարհի կարևորությունը կայանում է նրանում, որ հինգ գյուղի բնակչություն օգտվում է դրանից, մեծածախ շուկա տանող ճանապարհն է, որը համագյուղացիների համար շատ կարևոր նշանակություն ունի, ինչպես նաև այն միջպետական Մ3 ճանապարհը շրջանցող և Մ5-ը Մ1-ին կապող ճանապարհ է:
Այգիների և պուրակների ստեղծմանն ուղղված թվով երկու ծրագիր ունենք, որոնք արդեն հաստատվել են: Այդ ծրագրերն են Մոնթեավան գյուղի հուշարձան-պուրակի կառուցումը և Արագած գյուղի հուշարձան-պուրակի ոռոգման ցանցի անցկացումը, որը 1980-ական թթ.-ից ի վեր չէր վերանորոգվել և ամբողջությամբ մաշված վիճակում էր, ինչի հետևանքով, ցավոք, կանաչ տարածքները մասամբ չորացել էին: Արագած գյուղում աշխատանքներն արդեն ավարտվել են, Մոնթեավան գյուղում կսկսվեն այս տարի: Այս ծրագրերի արժողությունը կազմել է 82.5 մլն դրամ: Սրանցից զատ` նաև Ծաղկունք գյուղում ոչ սուբվենցիոն ծրագրով իրականացվում է հուշարձան-պուրակի կառուցման աշխատանքներ` նվիրված 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին:
Սուբվենցիոն մյուս ծրագիրը` նախադպրոցական հաստատությունների կառուցմանն ու վերակառուցմանն ուղղված ծրագիրն է, որի ընդհանուր արժողությունը կազմում է 280մլն դրամ: Ծախսերը ներառում է Այգեշատ գյուղի մանկապարտեզի վերանորոգումը` շուրջ 57.9մլն դրամ, Հայթաղ գյուղի մանկապարտեզի վերակառուցման աշխատանքները` շուրջ 222.1մլն դրամ արժողությամբ, որի 30%-ը համայնքի վճարման մասնաբաժինն է, 70%-ը` պետության:
Մշակույթի տների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով 2022թ. արդեն հաստատվել է Դաշտ գյուղի մշակույթի տան տանիքի վերանորոգումն ու Արագած գյուղի մշակույթի տան երկրորդ, երրորդ հարկերի վերանորոգումը: Ծրագրի ընդհանուր արժեքը 75.8 մլն դրամ է, որի վճարման 65%-ը համայնքի մասնաբաժինն է, 35%-ը` պետության: Իհարկե, մշակույթի տները շատ դեպքերում գործում են նաև որպես սպորտային դպրոցներ, որտեղ այս ծրագիրն ավարտելուց հետո մենք արդեն հնարավորություն կունենանք մեր սպորտային խմբակները զարգացնելու և ավելի լավ պայմաններում աշխատելու:
Այս բոլոր ծրագրերի հաստատված վերջնաժամկետը նախատեսված է 2025թ., քանի որ ունենք ծրագրեր, որ ակնհայտորեն երկարատև աշխատանքներ են ակնկալում, դրանցից է նաև մանկապարտեզների կառուցումը:
-Պետության կողմից տրամադրված սուբվենցիոն ծրագրերից բացի խոսեցիք նաև որոշ ծրագրերի մասին, որոնց ֆինանսավորումն ամբողջությամբ ապահովվում է համայնքի կողմից: Բացի վերը նշվածներից էլ ի՞նչ նախագծերի վրա եք աշխատում համայնքում:
-Բացի սուբվենցիոն ծրագրերից ունենք նաև այլ հաստատված ծրագրեր, որոնք մեծամասամբ արդեն նշեցի, իսկ դրանցից զատ կա ևս մեկը` կապված Ծաղկունք գյուղի չորս խմբանոց մանկապարտեզի հետ: Այն իրականացնում ենք Տարածքային զարգացման հիմնադրամի հետ` ՙԲաղադրիչ 1՚ ծրագրի շրջանակներում: Ծրագրի արժողությունը 300մլն դրամից մի փոքր ավելի է, որի արդյունքում Ծաղկունք գյուղում կունենանք չորս խումբ ունեցող մանկապարտեզ, որտեղ կայցելեն հարակից չորս գյուղերի երեխաներ:
2023թ. սուբվենցիոն ծրագրով Աղավնատուն գյուղում մանկապարտեզի կառուցման նախնական հայտ է ներկայացվել, որը բավարարվել է, և այս պահին ընթանում են նախագծային աշխատանքներ: Նախագիծը պատրաստ լինելուց հետո արդեն կներկայացվի ՀՀ Կառավարություն` վերջնական հաստատման:
Խոյ համայնքում աշխատանքներ են տարվում նաև բժշկական առաջնային սպասարկման ծառայության բարելավման ուղղությամբ: Շահումյան գյուղի բուժամբուլատորիան, որը սպասարկում է թվով հինգ գյուղեր` Շահումյան, Մոնթեավան, Մրգաստան, Դաշտ և Այգեշատ, գտնվում է անմխիթար պայմաններում, այդ պատճառով մոտ օրերս արդեն կտեղափոխվի նոր տարածք: Ի նպաստ դրա` համայնքն աշխատանքներ է իրականացրել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ, և ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի մենք Շահումյան գյուղում տրամադրեցինք տարածք` նախկին գյուղապետարանի շենքի առաջին հարկը, որը վերանորոգումից հետո կգործի որպես բուժամբուլատորիա:
Տարածքի վերանորոգումն ու գույքի ձեռքբերումն ամբողջությամբ իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից, հավելյալ տրամադրել են նաև 10 կվտ-անոց արևային պանելներ, որոնք կմեղմեն էլեկտրաէներգիայի ծախսը:
Նաև իրականացնում ենք սանիտարական մաքրություններ` հատկապես միջհամայնքային տարածքներում` նպատակ ունենալով հետագայում այդ ողջ տարածքները ծառապատելու, ոռոգման ցանց անցկացնելու: Այս ամենին ի նպաստ աշխատանքներ են տարվում Շրջակա միջավայրի նախարարության հետ` հետագայում համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով: Ենթադրվում է, որ այդ ծրագրի շնորհիվ կանաչապատ տարածքները կավելանան մոտավորապես 10-15հա: Ծրագիրը վերջնական պատրաստ լինելու դեպքում, իհարկե, հանրությանը ևս կներկայացնենք:
-Գյուղատնտեսական աշխատանքների մասին խոսենք` 2022-ը որքանով էր բարենպաստ Խոյ համայնքի համար, որքանո՞վ են ավելացել մշակվող հողատարածքները և հիմնականում ո՞ր ուղղությամբ: Հետաքրքիր է նաև, թե ինչպե՞ս են կազմակերպվում բերքի իրացման, արտահանման փուլերը:
-Վերջին տարիներին նկատվում է մշակվող տարածքների ավելացման և մթերքների արտահանման կազմակերպման տենդենց: 2022թ. մասնավոր հատվածի կողմից իրականցվել է գյուղմթերքի վերամշակում, որի արտադրանքի մեծ մասը արտահանվել է ՌԴ, ԱՄՆ: Արտահանվող մթերքներ են հիմնականում մուրաբաները, ջեմերը, կոմպոտներն ու չրերը: Իսկ ավելի մեծ ծավալով լինում է սեզոնին թարմ միրգ-բանջարեղենի արտահանում:
2022թ. ընթացքում Խոյ համայնքում գործարկվել է պահածոների գործարան, այսինքն` մենք արդեն ունենք գյուղմթերք վերամշակող ընկերություն, որը լայն թափով աշխատում է:
Բավականին աճում են նաև ջերմոցային տնտեսությունները` զարկ տալով բանջարաբոստանային մշակաբույսերի և ծաղիկների աճեցման աշխատանքներին: Համայնքի ղեկավարի կողմից արդեն մեծ թվով շինթույլտվություններ են տրվել հենց ջերմոցների կառուցման համար, ինչն ուրախալի փաստ է: Ամենաշատ ջերմոցային տնտեսություններն ունենք Արշալույս, Ծիածան, Ծաղկունք, Հովտամեջ գյուղերում, որոնք նաև աշխատատեղերի մեծ խնդիր են լուծում: Ջերմոցների գործունեության դրական կողմերից է համայնքում ներդրումների մեծացումը, ինչպես նաև հիմնական ապրանքի արտահանումը:
Համայնքի կողմից ոռոգման համակարգի խնդիրների լուծմանն ուղղված հաստատված ծրագրերն իրականացնելուց հետո էլ ավելի կընդլայնվի մշակվող հողատարածքների թիվը:
2022թ. համեմատած նախորդ տարվա հետ` ավելի բարենպաստ էր ոռոգման ջրի հետ կապված, չնայած, որոշ նախադրյալներով պայմանավորված, ընդհատումներ եղել են, բայց ընդհանուր առմամբ աշխատանքը կարելի է գնահատել բավարար: Հաշվի առնելով բնակիչների պարբերաբար բարձրաձայնած մտահոգությունները ոռոգման ցանցի հետ կապված` մասնավորապես Հայթաղ և Արշալույս գյուղերը, որոնք ոռոգման ջրի տեսանկյունից ծայրամասային են համարվում և ջուրն այնտեղ շատ դժվար է հասնում, մենք 8 խորքային հորերից նախատեսել ենք ներագործարկել Արշալույս գյուղում, որն իրականացնելու դեպքում այնտեղ էականորեն մեղմվելու է ջրի խնդիրը: Այս աշխատանքների շնորհիվ, կարծում եմ, մենք հաշված տարիներ հետո ոռոգման ջրի կորստի էական կրճատում կունենանք:
-Խոսենք բնակիչ-համայնքի ղեկավար կապի մասին. ինչպե՞ս են կազմակերպվում համայնքի ղեկավար-բնակիչ հանդիպումները և հիմնականում ի՞նչ հարցերով, խնդիրներով են Ձեզ դիմում:
-Համայնքի ղեկավարի հետ հանդիպումների մի մասն անձնական, մի մասը քաղաքաշինական բնույթի են: Թեպետ համայնքի ղեկավարի հետ հանդիպումը նախատեսված է հինգշաբթի օրը, բայց եթե որևէ քաղաքացի չի կարող սպասել այդ օրվան` համայնքապետարանի դռները միշտ բաց են նրանց առաջ: Դա մի փոքր խաթարում է համայնքի ղեկավարի պլանավորած առօրյա աշխատանքները, բայց, ամեն դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գուցե քաղաքացին հեռվից, հարակից գյուղից հրատապ խնդրով է եկել, ես կամ իմ տեղակալը ընդունում ենք նրան, լսում և փորձում իր հարցին լուծում տալ: Չի եղել մի դեպք, որ քաղաքացին ցանկանա տեսնել համայնքի ղեկավարին և չտեսնի: Ավելին` համայնքի ղեկավարի հետ հիմնական հանդիպումները լինում են շաբաթվա այլ օրերին, քան` հենց ընդունելության օրը:
Ես` որպես համայնքի ղեկավար, իմ թիմի հետ պարբերաբար շրջում եմ տարբեր գյուղերում, տեղում հետևում աշխատանքներին, ծանոթանում խնդիրներին և փնտրում լուծումներ: Իհարկե, ունենք նաև վարչական ղեկավարներ և 2-3 վարչական աշխատակիցներ, ովքեր մեր աշխատանքում մեծ դերակատարում ունեն: Նրանք անմիջական կապի մեջ լինելով իրենց գյուղերի բնակիչների հետ` համայնքապետարանի և քաղաքացիների միջև որպես միջնորդ են հանդիսանում: Այսօր հասել ենք նրան, որ քաղաքացիների հարցերի, խնդիրների մեծ մասը ֆիլտրվում է վարչական ղեկավարի մոտ, այսինքն` վարչական ղեկավար-համայնքի ղեկավար հարաբերություններն արդեն այնպիսին են, որ խնդիրների դեպքում մեծամասամբ Խոյի համայնքապետարան գալու փոխարեն բնակիչներն իրենց վարչական ղեկավարների հետ կարողանում են քննարկել և լուծումներ գտնել:
Խոյի համայնքապետարանը Գեղակերտ գյուղում ունի քաղաքացիների սպասարկման ամբողջովին նոր գրասենյակ, որտեղ քաղաքացիները կկարողանան ստանալ իրենց բոլոր հարցերի պատասխանները: Սպասարկման գրասենյակում նստելու են համայնքապետարանի տարբեր բաժիններից աշխատակիցներ, ովքեր ըստ ոլորտների կիրականացնեն քաղաքացիների սպասարկում: Շուտով կստանանք նաև անհրաժեշտ համակարգչային տեխնիկա և կսկսենք գործարկել տարածքը: Այս ծրագիրն իրականացվել է GIZ-ի (Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերություն-ԳՄԸՀ) կողմից: Դրա ամբողջական արժեքը` մոտ 15մլն դրամ է, որը տրամադրվել է GIZ-ի միջոցներից: Մինչ այդ, Հայաստանում առաջին անգամ GIZ-ի հետ իրականացրել ենք շարժական գրասենյակի ծրագիրը, որը նպաստում է աշխատանքի արդյունավետ իրականացմանը:
Քաղաքացիների սպասարկման գրասենյակն ունենալուց հետո, հաջորդ փուլով նախատեսված է վարչական աշխատակիցների վերապատրաստում, որպեսզի քաղաքացիների բոլոր դիմումներով աշխատակիցներն արդեն տեղում զբաղվեն: Այսինքն` ամեն վարչական ղեկավար ունենա փոքր սպասարկման գրասենյակ, որպեսզի հնարավորինս հեշտացվի քաղաքացիների հետ կապը, և ծառայությունները մատուցվեն տեղում:
-Դուք նաև կարևորում եք համագործակցային կապը միջազգային գործընկերների հետ, ինչպիսի՞ փոխհարաբերություններ ունեք միջազգային տարբեր ընկերությունների հետ և ի՞նչ հեռանկարներ կան:
-Այս մեկ տարվա ընթացքում հասցրել ենք միջազգային ընկերությունների հետ համագործակցային տարբեր ուղիներ գտնել: Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում 2022թ. նոյեմբերի 14-ից աշխատանքային այցով գտնվել ենք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասում: Մարզպետի գլխավորած պատվիրակության կազմում էինք մարզպետարանի և մարզը ներկայացնող համայնքային իշխանության պատասխանատուներս: Այցը նշանավորվել է ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Բուրգենլանդի դաշնային շրջանի ղեկավար և ադմինիստրատոր Գյոտս Ուրլիխի միջև համայնքային զարգացման գործընկերության հաստատման հուշագրի ստորագրմամբ, որով նախատեսվում է համագործակցել կրթական ծրագրերի, մշակութային ժառանգության պահպանման ու զբոսաշրջության զարգացման, գինեգործության, թափոնների վերամշակման, ինչպես նաև ժամանակակից ոռոգման համակարգերի փոխադարձ ուսումնասիրության ուղղությամբ: Կարծում եմ` այս համագործակցությունը շարունակական կլինի նաև մյուս համայնքների դեպքում` մասնավորապես Խոյ համայնքն այս մարզային համագործակցության արդյունքում կունենա իր համագործակցային համայնքը Գերմանիայի տվյալ տարածաշրջանում, որը հնարավորություններ կստեղծի տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման:
2022թ. հունիսի 29-30-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի է ունեցել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության 4-րդ համաժողովը, որը նախկինում ամենամյա միջոցառում է եղել, բայց վերջին տարիներին համավարակով պայմանավորված չէր կազմակերպվում: Համաժողովը կազմակերպվել է Լիոնի քաղաքապետարանի, Լիոնի մետրոպոլիայի, Հայաստանի համայնքների միության և Citռs Unies France-ի կողմից` Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության և Հայաստանի արտաքին գործերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ:
Համաժողովին մասնակցում էին Հայաստանի և Ֆրանսիայի պատվիրակությունները: Հայաստանի պատվիրակության կազմում էին ՀՀ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքների ղեկավարներ:
Համաժողովի ընթացքում նաև քննարկվում էին եղած համագործակցությունների թարմացման գործընթացների և տարբեր համայնքների` Ֆրանսիական կողմի հետ համագործակցությունների հնարավորությունների մասին:
Մինչ միջազգային համագործակցությունները, ինքս շատ կարևորում եմ համայնքապետարան-մարզպետարան կապն ու արդյունավետ համագործակցությունը, քանի որ մարզպետարանը հանդես է գալիս որպես կառավարության մարզային ներկայացուցիչ, համայնքապետարանը` որպես տեղական ինքնակառավարան մարմին, այդ երկու ինստիտուտները պետք է մշտապես համագործակցական պրոցեսի մեջ լինեն:
Մենք մարզպետարանի հետ գտնվում ենք աշխատանքային ամուր և առողջ հարաբերությունների մեջ, ընտրել ենք շատ արդյունավետ և թափանցիկ աշխատելաոճ:
-Հող գնելու, շինարարություն կամ բիզնես ծրագիր իրականացնելու առումով Խոյ համայնքը որքանո՞վ է հետաքրքիր ներդրողներին:
-Ներդրողները բավականին հետաքրքրված են մեր համայնքով, բայց մեծամասամբ ներդրումներն իրականացվում են մեր հայրենակիցների կողմից:
Մենք ունենք շատ բարեխիղճ, հայրենասեր բարերարներ, ովքեր մշտապես կապված են համայնքի հետ և իրենց նվիրատվությունների, ամենօրյա ուշադրությամբ փորձում են նաև երեխաների առօրյան ավելի հետաքրքիր և ուսումնալի անցկացնել:
Մինչև համայնքային խոշորացումը շատ բարերարներ ենք ունեցել, ովքեր տարբեր համայնքներում իրականացրել են մեծ ծավալի աշխատանքներ. այս տեսանկյունից օրինակելի համայնք է Աղավնատունը: Արդեն համայնքի խոշորացումից հետո համայնքն ինքն է ցանկանում մի փոքր ՙթեթևացնել՚ բարերարների հոգսը, որովհետև ֆինանսական ռեսուրսներն արդեն որոշակի չափով կենտրոնացած են: Համայնքը փորձում է շարունակական դարձնել բարերարների իրականացրած ծրագրերը թե° համայնքային, թե° բարերարների հետ համագործակցության միջոցներով: Այս իմաստով ընդգծեմ, որ համայնքը բաց է բոլոր բարերարների և ցանկացած ծրագրի քննարկման համար: Առիթից օգտվելով ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլոր բարերարներին, ովքեր որևէ համայնքում իրենց ներդնումն են ունեցել:
-Ձեր համայնքում սկիզբ եք դրել ուսանողական անվճար երթուղու գործունեությանը, որով բոլոր ուսանողներին երթուղուց անվճար օգտվելու հնարավորություն եք տվել: Անդրադառնանք այս ծրագրին և դրա դրական կողմերին:
-Մինչ այս` Արշալույս և Հայթաղ գյուղերում գործել է անվճար ուսանողական երթուղի, որն իրականացվել է համայնքային միջոցներով, իսկ Աղավնատուն գյուղում` բարերարի միջոցներով:
Այդ օրինակն ունենալով` մենք որոշեցինք, որ մեր համայնքի բոլոր ուսանողները պետք է ուսանողական երթուղուց անվճար օգտվելու հնարավորություն ունենան: Սա համայնքի նախաձեռնությամբ իրագործված ծրագիր է, որը նաև մեծ ներդրում է կրթական ոլորտում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկապես 2022թ. անշարժ գույքի շուկայում գների կտրուկ աճ է գրանցվել և շատ ուսանողներ, եթե նախկինում վարձակալական հիմունքներով բնակվում էին մայրաքաղաքում, այսօր այդ հնարավորությունից զրկված են: Կարծում եմ` նման հարցերը չպետք է խոչընդոտ հանդիսանան, որ բնակիչները ստանան լիարժեք կրթություն:
Մենք մշտապես կարևորում ենք կրթական ոլորտը, և այս քայլով փոքրիկ ներդրում արեցինք` ի նպաստ երեխաների կրթություն ստանալուն: Այս կետը նաև մեր նախընտրական ծրագրի մեջ էր մտնում, որն իրականացրեցինք: Նշեմ, որ նախընտրական ծրագիրը դարձնելով աշխատանքային փաստաթուղթ` հատևողականորեն գնում ենք ի գործ` իրականացնելու խոստացած բոլոր կետերը:
-Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք կապված Խոյ համայնքում կազմակերպված ծրագրերի հետ:
-Կարծում եմ` միայն սուբվենցիոն ծրագրերով չէ, որ պետք է առաջնորդվենք Խոյ համայնքի զարգացման համար: Մենք դեռ շատ անելիքներ ունենք միջազգային կառույցների հետ աշխատանքում: Այժմ արդեն ունենք մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության լավագույն օրինակ: Նշեմ, որ ՄԱԿ-ի գրասենյակի հետ աշխատանքների արդյունքում ստեղծվեց համայնքապետին կից կանանց և երիտասարդության հարցերով զբաղվող խորհրդակցական մարմին, որի աշխատանքներն իրականացվում են հասարարակական հիմունքներով:
Մենք ակտիվ երիտասարդների հետ համագործակցությունների արդյունքում ունեցանք Գեղակերտի երիտասարդական կենտրոն, որտեղ երիտասարդները հնարավորություն ունեն իրականացնելու կրթական և այլ ծրագրեր, ինչու չէ` նաև կազմակերպելու իրենց ժամանցը: Այժմ արդեն իրականացվում են տարբեր սեմինարներ, քննարկումներ, բանավեճեր, ժամանցային ծրագրեր:
Խոյ համայնքում կա թվով 15 դպրոց: Այս ընթացքում ակտիվ համագործակցել ենք նրանց հետ: Համայնքի 15 դպրոցներից երկուսում` Արագածում և Շահումյանում պետական միջոցներով իրականացվում են մարզադահլիճների վերակառուցման աշխատանքներ: Դրանք ևս 2023թ. կհանձնվեն շահագործման:
Մենք ֆինանսական աջակցություն ենք տրամադրել նաև Հովտամեջ գյուղի դպրոցին, որպեսզի ջեռուցման նոր կաթսա ձեռք բերեն, և դպրոցի կենտրոնացած ջեռուցումը սեզոնին պատրաստ լինի:
Համայնքի որոշ դպրոցներում ՙԱռողջ սնունդ՚ ծրագրի շրջանակներում արդեն կան տարրական դասարանների համար վերանորոգված ճաշարաններ: Այդ ծրագրի իրականացման համար Մրգաստան և Ծիածան գյուղերի դպրոցները բավարար ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով դիմել էին համայնքին, ինչից հետո մեկական միլիոն դրամ գումար է հատկացվել նրանց, որպեսզի այդ գյուղերի դպրոցները ևս ունենան վերանորոգված ճաշարաններ: Առաջիկա ամիսներին ճաշարանները պատրաստ կլինեն և տարրական դասարանի աշակերտները հնարավորություն կունենան անվճար օգտվելու առողջ սննդից:
IT կենտրոնների հետ կապված, ինչպես գիտենք ՙԱրմատ՚ լաբորատորիաներն իրենց դպրոցները տարածել են տարբեր մարզերում: Մեր համայնքում, ցավոք, դեռ չունենք, բայց ցանկանում ենք համագործակցել նրանց թիմի հետ, որպեսզի գոնե այն դպրոցներում, որոնք սպասարկում են նաև հարակից գյուղի երեխաներին, ունենանք ՙԱրմատ՚ լաբորատորիաներ: Կարծում եմ` այս տարի կունենանք նմանատիպ կենտրոն:
-Պարո°ն Մեխակյան, կարող եք Ձեր բարեմաղթանքն ուղղել հայ ժողովրդին և համայնքի բնակիչներին:
-Կարևորագույնը, որ կմաղթեմ մեր երկրին և ժողովրդին` խաղաղությունն է, միասնականությունը, և այդ միասնականության միջոցով տարբեր ոլորտներում հաջողությունների գրանցումը: Ամենքս մեր հերթին պետք է նվիրված լինենք այն աշխատանքին, որը կատարում ենք, և միայն այդ նվիրվածության և աշխատասիրության շնորհիվ կունենանք և կկառուցենք բոլորիս երազանքների Հայաստանը: Խաղաղ և բարեբեր տարի բոլորիս:
Հարցազրույցը` Ոսկեհատ Պողոսյանի