Search
Close this search box.

Թրեվելյանների ընտանիքը ներողություն կխնդրի Գրենադա կղզու բնակիչներից և փոխհատուցում կվճարի

Բրիտանական ազնվական Թրեվելյանների ընտանիքը, որը նախկինում ունեցել է շաքարի վեց պլանտացիա, հրապարակավ ներողություն կխնդրի Կարիբյան ծովի Գրենադա կղզու բնակիչներից և փոխհատուցում կվճարի։

19-րդ դարում Թրեվելյանների ընտանիքի պլանտացիաներում աշխատել է ավելի քան 1000 ստրուկ։

BBC-ի թղթակից Լաուրա Թրեվելյանը, որն այդ ընտանիքի անդամներից մեկն է, այցելել է Գրենադա 2022 թվականին և ցնցվել՝ պարզելով, որ իր նախնիները 1833 թվականին ստրկատիրության վերացումից հետո բրիտանական կառավարությունից փոխհատուցում են ստացել, իսկ ազատված ստրուկներին ոչինչ չի վճարվել։

BBC-ի հետ զրույցում Լաուրա Թրեվելյանը վերհիշել է 2022 թվականին կղզի կատարած իր ճանապարհորդությունը։

«Սարսափելի էր… Ես իմ աչքերով տեսա այն պլանտացիաները, որտեղ ստրուկներին պատժել են, տեսա խոշտանգման գործիքները, որոնք օգտագործվում էին նրանց ենթարկելու համար», — ասել է նա:

Լաուրա Թրեվելյանի խոսքով՝ իր ընտանիքի յոթ անդամները փետրվարի վերջին կայցելեն Գրենադա՝ հրապարակային ներողություն խնդրելու կղզու բնակիչներից։

Ընտանիքը նաև 100,000 ֆունտ (120,000 դոլար) կնվիրաբերի կղզու տնտեսական զարգացման համար հանրային հիմնադրամ ստեղծելու համար:

Ըստ Լաուրա Թրեվելյանի՝ 1834 թվականին իր նախնիները ստացել են մոտ 34 հազար ֆունտ ստեռլինգ փոխհատուցում Գրենադայում իրենց «սեփականության» համար։ Այսօր այն կազմում է մոտ երեք միլիոն ֆունտ ստեռլինգ։

«200 տարի հետո 100,000 ֆունտ նվիրաբերելը կարող է բավարար չթվալ,- ասել է նա:- Բայց ես հուսով եմ, որ ներողություն խնդրելով մեր նախնիների արածի համար՝ օրինակ ենք ծառայում»:

Գրենադայի հատուցումների ազգային հանձնաժողովը գովելի է անվանել ժամանակակից Թրեվելյանների գործողությունները։

Գրենադան կղզի պետություն է Կարիբյան ծովի հարավ-արևելքում՝ 125,000 բնակչությամբ և տարեկան 1 միլիարդ դոլարից մի փոքր ավելի ՀՆԱ-ով: Բնակիչների գրեթե 83%-ը աֆրիկացի ստրուկների ժառանգներ են։

Please enter a valid URL