Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Անն Քլեր Լեժանդրը RTVI-ին տված հարցազրույցում անդրադարձել է շրջափակված Արցախի իրավիճակին:
«Այսօր մենք չափազանց մտահոգված ենք Լաչինի միջանցքի շրջափակմամբ, մենք անընդհատ պահանջում ենք, որ այդ միջանցքը ապաշրջափակվի, և բնակչությանը մատակարարվի պարենային և մարդասիրական օգնություն։ Լեռնային Ղարաբաղում լուրջ հումանիտար ճգնաժամի իրական վտանգ կա: Բացի այդ, մենք ցանկանում և աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերսկսմանը։
Կա եվրոպական միջնորդություն, որին մենք անվերապահորեն աջակցում ենք։ Ֆրանսիայի նախագահի շնորհիվ երկու երկրների ներկայացուցիչները կարողացել են զրուցել միմյանց հետ անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայի գագաթնաժողովի շրջանակում, և մենք դրա շրջանակում որոշել ենք ԵՄ առաքելություն ուղարկել Հայաստանի սահման՝ լարվածությունը նվազեցնելու և սահմանների պահպանման նպատակով։
Կարծում եմ, որ մեր աջակցությունն արտահայտվել է ամենաբարձր պետական մակարդակով։ Ֆրանսիայի նախագահն անձամբ գործադրել է բոլոր ջանքերը, որպեսզի մենք կարողանանք վերսկսել բանակցությունները, և այս իրավիճակը կարգավորվի, լարվածությունը թուլանա», — ասել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը`Լաչինի միջանցքը, շարունակում է փակ մնալ։