Նոյեմբերին Պեմզաշենում կնոջ և երկու անչափահաս երեխաների սպանության դեպքով ձերբակալված Արկադի Բարսեղյանի պաշտպան Վլադիմիր Մինասյանը համոզված է, որ իր պաշտպանյալը առաջադրված մեղադրանքի հետ կապ չունի։ Նա այդ մասին «Հրապարակի» հետ զրույցում նշել էր դեռ 2022-ի նոյեմբերին: Չնայած փաստաբանի տված գնահատականին, դաժանաբար սպանված ընտանիքի հայրը՝ Սևակ Մելիքսեթյանը մեզ հետ զրույցում պնդում է, որ մարդասպաններն իր բնորոշմամբ՝ ձերբակալված երկու վիժվածքներն են. «Փաստերը կան, անալիզի արդյունքները կան, ո՞նց կարելի ա անգամ կասկածել, որ էդ մանյակները չեն սպանել», — ասում է Սևակը: Տղամարդու օրը սկսվում է Պեմզաշենի գերեզմանատանը, ամեն առավոտ, լույսը բացվելուն պես, Սևակ Մելիքսեթյանը շտապում է գերեզմանատուն. «Նրանք իմ կյանքի իմաստն էին, չկա մի գիշեր, որ երազիս մեջ չտեսնեմ երեխաներիս», — ասում է նա:
Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը նոյեմբերի 9-ին հայտնաբերվել էին սեփական տան ննջասենյակում։ Սպանված կնոջ ձեռքերն ու երեխաներից մեկի ձեռքերն ու ոտքերը կապված էին եղել։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Ձերբակալված են Վրույր Բարսեղյանն ու Արկադի Բարսեղյանը: Դաժանաբար սպանված ըտանիքի հայրը վրեժով է լցված. «Թող դրանց տան ինձ, ես գիտեմ ինչ կանեմ», -ասում է Սևակ Մելիքսեթյանը:
-Սևակ, գործն ի՞նչ ընթացքում է այժմ:
-Ինչ-որ գործողություններ են անում, բայց դա իմ ասելով չի, ոչ էլ իրենց ասելով ա:
-Երբ տեղի ունեցավ այդ սարսափելի դեպքը, տարբեր խոսակցություններ, տարբեր վարկածներ առաջ քաշվեցին: Անգամ կասկած կար, որ ադրբեջանցիներն են սահմանը հատել, դիվերսիա իրականացրել:
-Մեր հայ ժողովրդին գիտեք էլի, ինչ ասես խոսում են: Էս ժողովրդից ամեն ինչ հավատալու ա: Մանյակ մարդասպաններ, վիժվածքներ: Մտածել են եսիմ ինչ միլիարդատեր եմ…. փաստ է, որ նրանք մանյակ են:
-Արկադի Բարսեղյանի պաշտպանը պնդում է, որ իր պաշտպանյալն անմեղ է: Դուք համոզվա՞ծ եք, որ մարդասպանները հենց ձերբակալված անձինք են: Չկա՞ն այլ կասկածյալներ:
-Փաստեր կան, անալիզի արդյունքներ կան, դրանցից մեկն էլ մեղքն ընդունել է:
-Ոստիկանները շարունակո՞ւմ են Պեմզաշենում հսկողություն իրականացնել:
-Հսկողություն իրականացնում են: Կանգնած են դրանց տների մոտ:
-Որտե՞ղ են ենթադրյալ հանցագործների ընտանիքի անդամները:
-Փախել են, տարել են…. ես որ բան չանեմ էլ, գյուղի ժողովուրդը իմ փոխարեն կանեն: Ինձ ոչ մեկը չի կարա մեղադրի, մեղադրող են, թող դրանց մեղադրեն: Բերեն գյուղի մեջ կանգնեցնեն գյուլլեն: Ես ինչ կուզեմ կանեմ, ինձ ո՞վ կարա բան ասի:
-Դատական պրոցեսներին հետևո՞ւմ եք:
-Երկու անգամ նիստ է եղել, կալանավորումը երկարացրել են, դեռ ուրիշ բան չկա: Ամբողջ գյուղը սպասում է էս ամենի վերջին:
-Այդ տղամարդիկ Ձեր ընկերնե՞րն են եղել:
-Տո չէ, դրանք ինձ ի՞նչ ընկեր: Էդ վիժվածքների հետ ո՞վ կարա ընկերություն անի, որ ես անեմ: Դրանք հոգեկան հիվանդներ են:
-Ձեր տուն երբևէ նրանք եկե՞լ են:
-Վրույր է, ինչ վիժվածք է, դրա հետ ընդհանրապես կապ չեմ ունեցել: Էն Արկադիկի հետ էլ չերեզ ընկեր շփում է եղել, բայց ինձ ընկեր չեն եղել:
-Նրանք ամուսնացա՞ծ են, երեխաներ ունե՞ն:
-Հա, ունեն, իրանց պես էլի: Նման մարդու կնիկն ի՞նչ պիտի լինի, դրանցից ծնված երեխեն էլ իրանց նման պիտի լինի:
-Նրանց հետ պարտք-պահանջ ունեցե՞լ եք:
-Չէ, ինչ պարտք-պահանջ: Ոչ մի նման բան: Դրանք ո՞վ են, որ մի նորմալ մարդը կարար դրանց հետ շփվեր: Եթե բերեն տան ձեռս դրանց, էն ամենավատ բանը, որ կարա ձեր մտքով անցնի, կանեմ: Ի՞նչ եք կարծում, պիտի խելոք տեղս մնամ: Իմ առավոտները գերեզմաններում են սկսվում: Լույսը բացվելուն պես գնում եմ գերեզմաններ:
-Իրավապահներին վստահո՞ւմ եք:
-Եթե էս գործը պիտի արդար չանեն, եթե մեղավորը պիտի ազատության մեջ մնա, թող բոլորն էլ իմանան, որ մի օր էլ իրենց տունն են մտնելու: Ոչ ոք էս կյանքում նման բաներից ապահովագրված չէ: Դա բոլորիս գործն է, ինչքան շուտ բացահայտվի ամեն ինչ, էնքան լավ: Իմ երեխեքը էնքան լավն էին, էնքան խելացի էին, մինչև հիմա երեխեքի նկարները դպրոցի պատին փակցված է: Իմ կյանքի իմաստն էին….
-Հիմա որտե՞ղ, ո՞ւմ հետ եք ապրում:
-Քրոջս, հորեղբայրներիս հետ: Մինչև տեսնենք՝ ինչ կգա գլխներիս: