«Մալաթիա» տոնավաճառում աշխատանքները չեն վերսկսվել: Երեկ չեն հասցրել նախատեսված աշխատանքներն ավարտին հասցնել, ինչի հետևանքով այսօր տոնավաճառը չի բացվել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ աշխատանքներում ներգրավված մասնագետներն ու տոնավաճառի աշխատակիցները 2 օր անընդմեջ աշխատել են, երեկ կեսգիշերին տուն են գնացել, հանգստացել, որ այսօր նորից շարունակեն արձանագրված խախտումների վերացման աշխատանքները:
«Չենք ավարտել աշխատանքները: Կարծում եմ՝ այսօր կավարտենք, հիմա էլեկտրալարերն ենք փոխում, ազդանշանային համակարգ տեղադրում, ամբողջ փոշին լցվել էր սիգնալիզացիաների մեջ, պետք է ամեն ինչ փորձարկենք, նոր աշխատենք: Ժողովուրդը համաձայն են:
Ոչինչ մի երկու օր չենք աշխատի, բայց կապահովենք: Եթե վերջացնենք՝ կաշխատենք»:
Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ տոնավաճառի տնօրինությունը հունվարի 27-ին դիմել է վարչական դատարան՝ տեսչական մարմնի որոշումը բողոքարկելու համար: Դատարանը հայցը վարույթ է ընդունել. առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 11-ին:
Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է փետրավարի 1-ից դադարեցնել «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։
Փետրվարի 1-ին տոնավաճառի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացում արդեն փակված տոնավաճառի դիմաց։
Ավելի ուշ տոնավաճառի տնօրենն ու մեկ տասնյակ աշխատակիցները հանդիպել էին տեսչական մարմնի ղեկավարի հետ և պայմանավորվածություն ձեռք բերել՝ որքան արագ շտկվեն արձանագրված խախտումները, այնքան շուտ տեսչական մարմինը կվերանայի իր որոշումն ու կվերաբացվի տոնավաճառը:
Փետրվարի 3-ին տոնավաճառի տնօրենը «Փաստինֆո»-ի հետ հետ զրույցում ասել էր, որ 99 տոկոսով այսօրվանից տոնավաճառն աշխատելու է, սակայն աշխատանքները ավարտել, ինչպես պարզվեց, չեն հասցրել ու չեն վերսկսել։