Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա վերջերս տեղի ունեցած «ահաբեկչական» հարձակումը, որի հետեւանքով զոհվել են դեսպանատան աշխատակիցները, երկու երկրներին մոտեցրել է պատերազմի, գրում է Silk Road Briefing միջազգային վերլուծական կայքը։
«Նման իրադարձությունը վնաս կհասցներ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին եւ կփակեր Կասպից ծովի երթուղիները ադրբեջանական նավահանգստից մինչեւ Իրանի կասպիական նավահանգիստներ, որոնք ապահովում են Եվրոպայից դեպի Պարսից ծոցի եւ Հարավային Ասիայի երկրներ ապրանքների մուտքը։ Դա կկրճատի ԵՄ-ի առեւտուրը Ասիայի հետ միայն Սուեզի ջրանցքի տարբերակով եւ, հավանաբար, կսահմանափակի մուտքը դեպի միջին միջանցք Ղազախստանով:
Երկու երկրների միջեւ լարվածությունը կուտակվել է բազմաթիվ բաղադրիչների հետ միասին։ Դրանցից մեկը կապված է Իրանի հյուսիս-արեւմուտքում բնակվող ադրբեջանական փոքրամասնության հետ, որը երկրում ունի մոտ 25-35 միլիոն էթնիկ ադրբեջանցիներ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2022 թվականի դեկտեմբերին հայտարարել էր՝ «իրանցի ադրբեջանցիները մեր ազգի մի մասն են»։
Եվս մեկ կարեւոր հարց է Ադրբեջանի արտաքին քաղաքական կապերը։ Բաքուն սերտորեն համագործակցում է Իրանի գլխավոր թշնամու՝ Իսրայելի հետ։ 2022 թվականի ընդամենը 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 1,2 միլիարդ ԱՄՆ դոլար՝ մասամբ «Աբրահամյան համաձայնագրերի» արդյունքում։ Բաքուն նավթ եւ նավթամթերք է մատակարարում Իսրայելին, ինչպես նաեւ գնում է բարձր տեխնոլոգիական զենք՝ երկակի նշանակության Էլեկտրոնիկա, հարվածային եւ հետախուզական անօդաչուներ, նավիգացիոն եւ օպտիկական համակարգեր, բարձր ճշգրտության զինամթերք։ Բոլորովին վերջերս երկու երկրները պաշտոնապես ձեւակերպեցին այդ հարաբերությունները՝ բացելով փոխադարձ առեւտրային ներկայացուցչություններ։ Ադրբեջանի կառավարությունը նաեւ հայտարարել է Թել Ավիվում դեսպանատուն բացելու մասին։
Իրանում Իսրայելի գործունեությանը թշնամաբար են վերաբերվում։ Ադրբեջանը սահմանակից է Իրանին ցամաքով եւ Կասպից ծովով, որը Իրանը դիտարկում է որպես պոտենցիալ միջանցք իսրայելական հատուկ գործողությունների ուժերի կողմից որպես հենակետ օգտագործելու համար՝ Իրանին հարվածներ հասցնելու համար։ Տեսականորեն Իսրայելը կարող էր Ադրբեջանի տարածքն օգտագործել անօդաչուների օպերատորներ տեղակայելու, իր կործանիչները լիցքավորելու եւ դիվերսիոն խմբերի համար որպես բազա օգտագործելու համար։ Թուլացած Իրանը թույլ կտար Ադրբեջանին հավակնել Իրանի երկու Նահանգներին՝ Արեւմտյան եւ Արեւելյան Ադրբեջանին եւ, հնարավոր է, Արդեբիլին»,-նշում է վերլուծական կայքը։
Հոդվածի հեղինակ Քրիս Դենվոնշիր-Էլիսի կարծիքով՝ եւս մեկ վիճելի հարց է «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը։
«Ադրբեջանը ցանկանում է ուղիղ ճանապարհ հարթել դեպի Նախիջեւանի էքսկլավ եւ ընդլայնել այն մինչեւ Թուրքիա։ Երթուղին պետք է անցնի Սյունիքի մարզով։ Նախագծի իրականացումը կարող է Իրանին կտրել Հայաստանից, հետեւաբար՝ խանգարել ԵՏՄ երկրների հետ Թեհրանի առեւտրին։
Բացի այդ, միջանցքի կառուցումը կհանգեցնի Թուրքիայի՝ տարածաշրջանում հետագա ամրապնդմանը։ Իրանը ԵՏՄ-ի հետ ազատ առեւտրի մասին շահավետ համաձայնագիր ունի, եւ այդ նախագիծը կարող է խանգարել առեւտրի աճող ծավալներին»,-ասվում է հոդվածում։
Վերլուծականը նշում է, որ Իրանի անհանգստությունն աճել է այն բանից հետո, երբ 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանին՝ Ղարաբաղից դուրս, տեղի ունեցան լայնածավալ բախումներ։
«Բաքուն ցույց տվեց, որ պատրաստ է այդ հարցը լուծել ուժային ճանապարհով։ Թեհրանն այն ժամանակ հայտարարեց, որ չի հանդուրժի սահմանների փոփոխություն։ Սյունիքի մարզի վարչական կենտրոն Կապան քաղաքում Իրանի հյուպատոսության բացումը Հայաստանի աջակցության վառ վկայությունն էր։ Ի պատասխան՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խոստացավ իր հյուպատոսությունը բացել Թավրիզ քաղաքում, որը համարվում է իրանցի ադրբեջանցիների մայրաքաղաքը։
Դրանից հետո Իրանն ու Ադրբեջանը սկսեցին մկանախաղը։ Անցյալ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Բաքուն եւ Թեհրանը զորավարժություններ անցկացրեցին սահմանամերձ շրջաններում եւ փոխանակվեցին կտրուկ հայտարարություններով։ Իրանցի պատգամավոր Մոհամմադ Սաֆային բացատրեց, որ այդ քայլերն ուղերձ էին բոլոր չարակամներին։ Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետության դեմ ցանկացած գործողություն «թանկ կնստի թշնամիների վրա»։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ Բաքուն ստիպված է եղել զորավարժություններ սկսել՝ «ցույց տալու համար, որ իրենք չեն վախենում»։ «Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի պաշտպանենք Ադրբեջանի եւ ադրբեջանցիների, այդ թվում՝ Իրանում բնակվող ադրբեջանցիների զարգացման աշխարհիկ վեկտորը»,-ասել է նա։
Դա արձագանք է Ուկրաինայի արեւելքում բնակվող էթնիկ ռուսների նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշմանը»,-նշում է կայքը։
Հոդվածագիրն ընդգծում է, որ ԱՄՆ-ն անձամբ շահագրգռված կլինի, որպեսզի Իրանը պարտվի Ադրբեջանի հետ հակամարտությունում եւ աջակցի ռեժիմի փոփոխությանը:
«Եթե արդյունքում Իրանը կորցնի տարածքը, դժվար թե ԱՄՆ-ն շատ անհանգստանա։ Ավելի կարճաժամկետ հեռանկարում զգալի խափանումներ կլինեին դեպի արեւելք եվրոպական առեւտրում, ինչը կհանգեցներ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի եւ միջին միջանցքի բոլոր շուկաներում գների բարձրացմանը: Երկարաժամկետ հեռանկարում, Եթե Թեհրանում ռեժիմի փոփոխություն տեղի ունենա, ապա Հյուսիս-Հարավ միջանցքն ավելի մեծ ազդեցություն կունենա Արեւմուտքի վրա։ Սա օպտիմալ արդյունք է ԵՄ-ի եւ Միացյալ Նահանգների համար։ Այն, թե ինչպես դա կազդի ռուսական առեւտրի վրա, կախված կլինի Իրանի ցանկացած ապագա կառավարության կազմից, ինչպես նաեւ պատժամիջոցների եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների ցանկալիության վերաբերյալ նրանց դիրքորոշումից»,- եզրափակում է հոդվածագիրը։