Search
Close this search box.

«Հրապարակ». Լուրը հաստատել Է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը

«Հրապարակ»-ը գրում է. Մենք 2022-ի սեպտեմբերի 24-ին գրել էինք, որ Արցախից մի մեծ ու պատրաստված ջոկատ է ժամանել Ջերմուկ` մեր սահմանների պաշտպանությանն աջակցելու համար: Ջոկատը գլխավորել են Արցախի ԱԱԾ նախկին փոխտնօրեն, այժմ՝ տնօրեն հայտնի Չոլկան` ազգային հերոս Արարատ Մելքումյանը, ՊՊԾ պետ Հրահատ Եսայանը, հատուկ ստորաբաժանման հրամանատար Ռոլանդ Այդինյանը։ Հրապարակումից ժամեր անց ՀՀ ՊՆ-ն հերքում տարածեց, նույնը կրկնեցին Արցախի ԱԱԾ-ից։

Բացի պաշտոնական հերքումները, մեզ սկսեցին մեղադրել այդ լուրը գրելու համար, թե իբր Ալիեւը կկարդա եւ նշված անձանց իր սեւ ցուցակում կընդգրկի, եւ, առհասարակ, պետք չէ, որ թշնամին իմանա, որ «մենք մի ազգ ենք եւ իրար հասնում ենք նեղության պահին»։ Ինքը՝ թշնամին, ճիշտ հակառակ պահվածքն ունի՝ իր ամենափոքր հաջողությունն ուռճացնում է, իր զենք-զինամթերքի, բանակի մասին չափազանցված տեղեկություններ է հրապարակում, որ բոլորը սարսափեն։ Իսկ մենք վախենում ենք թշնամուն հրահրելուց եւ նրա զայրույթին արժանանալուց։ Ահա, մեր այդ լուրը, որը պաշտոնական մակարդակներով սեպտեմբերի 24-ին հերքում էին, կիրակի օրը մոտ 200 հոգանոց լսարանի առաջ հաստատել է ինքը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ բառացիորեն ասելով․ «Երբ Հայաստանում՝ Ջերմուկում վիճակը բարդ էր, մենք ենք այստեղից ուժեր ուղարկել»։

Նաեւ հայտարարել է, որ Արցախում զենք էլ կա, կռվելու կամք էլ կա, ամեն ինչ էլ կա, սակայն իրենք չեն ձգտում պատերազմի, եւ դա չէ իրենց ընտրությունը, եւ պետք է «բանակցել», երկխոսել, խաղաղ ճանապարհով լուծել հարցերը: ԱՀ նախագահն ուշագրավ այլ հայտարարություններ էլ է արել, մինչ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե ձեռքերը չեն լվացել Արցախից, եւ որպես ասվածի ապացույց՝ նշում են, որ դիմում են միջազգային տարբեր կառույցների, եւ այնտեղ գործընթաց է գնում, հնչում են հայտարարություններ, Հարությունյանն արցախցիներին ասել է, որ այդ հայտարարությունները, մեծ հաշվով, առոչինչ են։ Ինչպես Հայաստանը 26 տարի չէր ենթարկվում միջազգային ճնշումներին ու չէր կատարում ՄԱԿ-ԱԽ բանաձեւերը, այնպես էլ Ադրբեջանը դրանք արհամարհելու է, քանի որ ուժն է ծնում իրավունք։

Please enter a valid URL