Search
Close this search box.

Որոշ գերիների փաստն Ադրբեջանը չի ընդունում. շատ ծանր դեպքեր կան

Ադրբեջանում գտնվող հայ գերիների հարցը տեւական ժամանակ է՝ մոռացվել է: Գուցե պատճառն այն է, որ մեր առջեւ ավելի լայնամասշտաբ խնդիրներ են ծառացած, մասնավորապես Արցախի շրջափակումն է՝ բնաջնջման նպատակով։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նա նշեց, որ միջազգային հանրության ուշադրությունը հիմա կենտրոնացված է միջանցքի փակման խնդրի վրա, եւ որոշակի առումով դա օբյեկտիվ է: Ինչ վերաբերում է գերիներին. «Խնդիրը գոյություն ունի, մենք ունենք հաստատված 33 գերի, որոնք դեռեւս պահվում են։ Անհապաղ ազատ արձակելու պարտավորությունն ակնհայտորեն Ադրբեջանը չի կատարել: Այն, որ նույն խմբի երիտասարդներին հնարավոր է եղել հայրենադարձել, վկայում է, որ կազմակերպական տեսանկյունից, ադմինիստրատիվ առումով բարդություններ չկան, եւ նրանց հայրենադարձման ձգձգումը զուտ պայմանավորված է քաղաքական դրդապատճառներով, ինչը հակասում է միջազգային մարդասիրական իրավունքին եւ հիմնավորում է հենց պատերազմական հանցագործություն կատարելու փաստը»։

Սահակյանն ասում է, որ շատ ավելի ծանր դեպքեր կան` դրանք բռնի անհետացածների դեպքերն են: Այսինքն, այն գերիները, որոնց գերեվարման փաստը չի ընդունում Ադրբեջանը, չնայած ապացուցված է, որ նրանք ողջ են եւ հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի հսկողության ներքո։ Այս առումով որեւէ դրական տեղաշարժ չկա՝ շեշտում է Սահակյանը։

«2021 թվականի առաջին եռամսյակից հետո Ադրբեջանը հետեւողականորեն մերժել է այս անձանց գերեվարման փաստը։ Մենք ունեցել ենք գերեվարման դեպքերի հաստատումներ՝ կապված հետագա զարգացումների հետ՝ Խծաբերդի խումբը, Իշխանասարի խումբը, 2023 թ. սեպտեմբերի 13-ի խումբը։ Այսինքն՝ այստեղ մենք չունենք բուն 2020 թվականի գերեվարվածների հաստատման նոր դեպքեր, եւ այս անձինք ներկայումս իրավական տեսանկյունից ունեն բռնի անհետացածների կարգավիճակ։ Նաեւ կա չլուծված խնդիր անհետ կորածների մասով, նրանց գտնվելու վայրի, եւ նաեւ որոնողական աշխատանքների ուղղությամբ գործուն քայլեր չեն իրականացվում, եւ այստեղ եւս մեծ մարդասիրական խնդիր գոյություն ունի»,- նշում է մեր զրուցակիցը։

Հետաքրքրվեցինք, թե այս հարցում ինչպես է գնահատում Հայաստանի իշխանությունների աշխատանքը։ Նա ասաց, որ Հայաստանը ձախողել է ռազմական ուղղությամբ խափանման, կասեցման քայլերը։ Շեշտեց, որ ընդհանրապես միջպետական կոնֆլիկտների պարագայում պետությունները փորձում են խնդիրը լուծել ռազմական, դիվանագիտական, քաղաքական եւ իրավական ճանապարհով։ Բայց Հայաստանն ի սկզբանե է դիվանագիտական առումով ձախողվել, որովհետեւ, եթե հաջող բանակցող եւ փոխհարաբերություն կառուցող լիներ, կկանխեր պատերազմը։ «Պատերազմի ընթացքում կկանխեր դրա տեւականությունը՝ հաշվի առնելով Հայաստանի սպառազինությունների քանակը, ընդհանուր մրցունակությունը եւ այլ գործոններ, որոնք կարող էին բանակին հարաբերականորեն առավելություն տալ հակառակորդ բանակի նկատմամբ։ Բայց նաեւ վատ կառավարման արդյունքում խնդիրներ են բերվել բանակ, եւ, ըստ էության, մենք ռազմական  ճանապարհով չենք կարողացել խնդիրները լուծել։ Ներկայումս քաղաքական առումով որեւէ հուսադրող զարգացում չենք տեսնում, ավելին՝ Ադրբեջանն օկուպացրել է նաեւ Հայաստանի տարածքների մի մասը, եւ քայլեր, որոնք կհանգեցնեն դեօկուպացիայի, չեն իրականացվում։ Միակ գրագետ գործընթացը, որ այս ընթացքում գործարկվել է ու իր մեջ լուսավոր տարրեր ունի, իրավականն է։ Ես շատ բարձր եմ գնահատում իրավական թիմի աշխատանքը»,- ասաց Սահակյանը։

Հայ գերիների շահերի պաշտպանը մտավախություն ունի, որ քաղաքական պրոցեսները շատ արագ են ընթանալու՝ արձանագրելով Հայաստանի պարտությունը, եւ հաջող իրավական գործընթացների միտումները չենք կարողանալու ռեալիզացնել, քանի որ փաստացի ունենալու են քաղաքական այլ լուծում, եւ իրավական գործընթացներն առարկայազուրկ են դառնալու։ «Նաեւ դրանով եմ բացատրում շահագրգռվածությունը, որ շատ հապճեպ, հրատապ, մեծ ճնշման գործիքներով հասնեն նրան, որ Հայաստանը վերջնականորեն ընդունի այն պահանջները, որոնք գոհացնում են Ադրբեջանին, որպեսզի իրավական գործընթացները չձախողեն քաղաքական պայմանավորվածությունները»։

Սիրանուշ Սահակյանը հավելեց, որ հաստատված գերիների հետ կանոնավոր կապը պահվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, սակայն հարցի զգայունությունը հաշվի առնելով՝ մանրամասներ իրենք չեն փոխանցում նրանց առողջական, հոգեբանական վիճակի վերաբերյալ: Սակայն շփումը, կայուն հիմունքներով, ընտանիքների հետ ապահովված է, եւ Կարմիր խաչն ամբողջությամբ կարողանում է իր մարդասիրական առաքելությունն իրականացնել :

Please enter a valid URL