Search
Close this search box.

«Հրապարակ». Մահվան թվերով առաջատար ենք

Մահացության ցուցանիշներով Հայաստանն աշխարհում նոր հորիզոններ է նվաճում։ Կորոնավիրուսի մահացության թվերով, օրինակ, հայտնվել է աշխարհի առաջատարների շարքում. 2 մլն 780 հազար բնակչություն ունեցող Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 446 հազար մարդ, մահացել 8 հազար 717-ը, այսինքն` վարակվածների շրջանում մահաբերության տոկոսը 1,95 է։ Այժմ այս տվյալները համեմատենք այլ երկրների հետ. 10 մլն 358 հազար բնակչություն ունեցող Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվել էր 828 հազար մարդ, որից մահացել է 10 հազար 58-ը՝ վարակվածների 1.22 տոկոսը։

3 մլն 744 հազար բնակչություն ունեցող Վրաստանում վարակվել է 1 մլն 814 հազար 180 մարդ, մահացել է 16 հազար 926-ը, ինչը վարակվածների 0.93 տոկոսն է։

Եվրոպական երկրներում ցուցանիշն անհամեմատ ավելի ցածր է, օրինակ՝ Ֆրանսիայում մահացել է վարակվածների 0.42 տոկոսը, Գերմանիայում՝ 0.44-ը, Իսպանիայում՝ 0.86-ը, Իտալիայում՝ 0.73-ը։ Հայաստանն իր ցուցանիշով ավելի մոտ է աֆրիկյան երկրներին, օրինակ՝ Մադագասկար՝ 2.09 տոկոս, Բուրկինա Ֆասո՝ 1.80, Եթովպիա՝ 1.52 տոկոս եւ այլն։ Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով մահացության ցուցանիշներով էլ Հայաստանն աշխարհում վատագույն ցուցանիշ ունեցող երկրների շարքում է։

Աշխարհի 183 երկրների շարքում  բնակչության քանակի համեմատությամբ ունեցած մահերի քանակով Հայաստանը զբաղեցնում է 83-րդ հորիզոնականը, այսինքն՝ 100 պետություն ավելի լավ ցուցանիշ ունի, քան Հայաստանը։ Ասել կուզի՝ մեր երկրում 100 հազար բնակչի հաշվով մահացու ելքով ՃՏՊ-ների գործակիցը կազմում է 17.47, եւ դա համարվում է բարձր ցուցանիշ:

Նույնիսկ Նիկարագուան եւ Շրի Լանկան ավելի լավ ցուցանիշ ունեն, քան Հայաստանը. զբաղեցնում են 81-րդ եւ 82-րդ հորիզոնականները, 84-րդում Վանուատուն է, 85-ում՝ Բութանը։ Վրաստանն այս սանդղակում 117-րդն է՝ 11.30 գործակցով, իսկ Ադրբեջանն անհամեմատ ավելի լավ ցուցանիշ ունի` 6.56 գործակցով 143-րդ տեղում է։ Կյանքի միջին տեւողությամբ էլ մենք առաջատար չենք` ՀՀ-ում կյանքի միջին տեւողությունը 73-75 տարի է։ 223 երկրների մեջ սա 119-րդ հորիզոնականն է:

Please enter a valid URL