Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող տարածքները: Լավրովը նոր երևույթ չէ, և այսօր անգամ ռուսական փորձագիտական շատ շրջանակներ են արձանագրում՝ որոնք որևէ կապ չունեն Հայաստանի հետ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն դարձել է թուրք-ադրբեջանական լոբբինգի կենտրոնակայան: Այդ հանգամանքը իհարկե խոսում է շատ բանի մասին, այդ թվում այն, որ երբեմն դժվար է լինում տարբերել՝ Լավրովի շուրթերով հենց ինքն է խոսում, թե՞ ասենք Ջեյհուն Բայրամովը կամ Մեվլութ Չավուշօղլուն:
Միևնույն ժամանակ, ի վերջո, այն, ինչ ասում է Լավրովը, արձանագրված է եղել Մինսկի խմբի համանախագահության ներքո վարվող բանակցային գործընթացում, որին իր համաձայնությամբ մասնակցել է նաև Հայաստանի քաղաքական ղեկավարությունը: Սրանից դուրս, իհարկե, առավել կարևոր է այն, թե ինչ եզրահանգումների է գալիս այդ ամենից հայկական հանրությունը: Հանրությունն այդպիսի առիթներով ամեն անգամ «բացահայտում» է, որ Ռուսաստանն Հայաստանին դաշնակից չէ, այլապես դաշնակիցն ինչպե՞ս կասի այդպիսի բաներ: Մինչդեռ, սա բոլորովին նորություն չէ: Ռուսաստանի քաղաքականությունը Կովկասում դեռևս 1999-200 թվականներից մտել է մի հուն, որտեղ տարեցտարի ակնառու է դարձել, որ Մոսկվան էական խաղադրույք է կատարում Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վրա, դրանցում կանգ չառնելով անգամ Հայաստանի որոշակի շահեր սակարկության առարկա դարձնելու իրողության առաջ: Սա բավականին երկար ու խորը, բազմաշերտ պատմություն է, կապված նաև Հայաստանում տարբեր իշխանությունների ընթացքում ծավալված իրադարձությունների հետ: Դրանք եղել են անդրադառնալու առիթներ, ու դեռ կլինեն:
Պարզապես, այդ շրջանում, հազվադեպ հասարակական-քաղաքական, մեդիա-փորձագիտական գործիչներ էին արձանագրում խնդիրը և խոսում դրա չծավալման համար անհրաժեշտ քաղաքական մոտեցումների, քննարկումների մասին: Հանրության հիմնական մասը գտնվում էր զուտ ներքաղաքական պայքարի «թմբիրում», առնվազն ակամա, թեև շատերը իհարկե դրանով զբաղված էին հենց առանցքային հարցերի շուրջ քննարկում թույլ չտալու և միայն՝ «Սերժն է խնդիրը» մոտեցումն ու տրամաբանությունը առաջ մղելու համար: Առկա իրավիճակում հայկական հանրության, հայկական պետականության և դրա ճակատագրով մտահոգ հայության խնդիրը պետք է լինի ոչ թե «չդաշնակից» Ռուսաստանին հերթական անգամ բացահայտելը, այլ արձանագրելը, որ, քանի դեռ Հայաստանը ռազմական հակամարտության, չավարտված պատերազմի ռեժիմի մեջ է Ադրբեջանի հետ և այդ գործում չունի այն աստիճանի ինքնաբավ կարողություն, որը թույլ կտա իր վրա վերցնել անվտանգության մարտահրավերներին հակազդելու առյուծի բաժինը, չի ունենա այն դաշնակցին, որը պատկերացնում է:
Բոլոր երկրները պատկերացնում են, որ այդ պարագայում լինել Հայաստանի լիարժեք դաշնակից, նշանակում է գնալ Ադրբեջանի հետ նույն կոնֆլիկտին: Իսկ դա չի բխում որևէ մեկի, անգամ Հայաստանի համար առանձնահատուկ ջերմ ու բարեկամ Ֆրանսիայի շահից, և դա պարզորոշ երևում է նաև հենց Ֆրանսիայի քաղաքականությունից: Սրան զուգահեռ, կա նաև Թուրքիայի հետ հակադրության գործոնը, որն իհարկե զգալիորեն գտնվում է հայ-ադրբեջանական հակամարտության ազդեցության ներքո: Ահա այդ պարագայում, ոչ միայն Ռուսաստանը, այլև որևէ այլ տերություն չի ստանձնի Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորություն, գիտենալով ու պատկերացնելով, որ լարման դեպքում իր վրա է ընկնելու անվտանգության գերակա բեռը, ինչը, կրկնեմ, նշանակելու է հակադրություն Ադրբեջանի հետ: Եվ ուրեմն, Հայաստանի, հայկական պետականության գերխնդիրը ոչ թե դաշնակից-չդաշնակից գործնականում երևակայական դաշտում մտավարժանքն է, այլ մտավոր ամբողջական կենտրոնացումը անվտանգության մեր կարողությունների բազմապատկման գործի վրա՝ օգտագործելով թե ներքին, թե արտաքին ռեսուրսները, որոնց առումով մենք ընդհանուր աշխատանքի դաշտ ունենք բոլոր խոշոր դերակատարների և ուժային կենտրոնների հետ: Իհարկե բարդ, իհարկե հակասական, հաճախ իրարամերժ ասպեկտներ պարունակող, սակայն կարևոր աշխատանքի, որի վրա պետք է կենտրոնացնել մեր մտավոր և նյութական էներգիան ու ռեսուրսը:
1in.am