Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի վերաբերյալ լրագրողներին հարցազրույց տալուց հետո պաշտոնից ազատված դասակի հրամանատարից գումարային պահանջ կներկայացվի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ողբերգական դեպքի օրը դասակի հրամանատարը լրագրողների հետ զրույցում թյուրիմաց էր գնահատել վառարանը ավտոբենզինով միացնելու հետևանքով հրդեհի բռնկման մասին վարկածը, ինչը շրջանառության մեջ էր դրել Փաշինյանը՝ կառավարության նիստում։ Հարցազրույցից անմիջապես հետո տեղեկություններ շրջանառվեցին առ այն, որ իրավապահները պատրաստվում են ձերբակալել դասակի հրամանատարին, իսկ իշխանական քարոզչամեքենան թիրախավորել էր զինծառայողին՝ կապելով նրան տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ։
Հետագայում արդեն հայտնի դարձավ, որ հարցազրույցի հենց հաջորդ օրը դասակի հրամանատարն ազատվել է պաշտոնից և, թեև ազատումը եղել է սեփական դիմումի համաձայն, այդուհանդերձ, ճնշումների ներքո, ասել են՝ ազատվի, նա էլ՝ ազատվել է։ Ճնշումների հանգամանքը, ամենայն հավանականությամբ, որոշիչ կարող է և չլինել՝ նրան ներկայացվելիք գումարային պահանջի դեպքում։ Խնդիրն այն է, որ դասակի հրամանատարն ունի 10 տարի ժամկետով կնքված պայմանագիր և սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու դեպքում տուգանք պետք է վճարի՝ յուրաքնաչյուր չծառայած տարվա համար 1 մլն դրամի չափով, ըստ այդմ, գումարային պահանջ կներկայացվի, թե որքան՝ Արսեն Բաբայանն այս պահին դեռևս չի կարող ասել, քանի որ ՊՆ-ի կողմից դեռևս հաշվարկ չի կատարվել։ Խոսքը մոտավորապես 6 մլն դրամի մասին է»- գրում է կայքը։
Նշվում է, որ դասակի հրամանատարը քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել է մեկ անգամ՝ վկայի կարգավիճակով։ Նրան երկրորդ անգամ հարցաքննության դեռևս չեն հրավիրել։
Վարույթի շրջանակներում հարցաքննվել են նաև հրդեհի հետևանքով Այրվածքաբանության կենտրոնում գտնվող երեք զինծառայողներից երկուսը։ Կապիտանը, որը նախօրեին էր տեղափոխվել հիվանդասենյակ, և, ըստ մեղադրանքի, փորձել է 5 լիտրանոց ավտոբենզինով միացնել վառարանը, պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ դեռևս չի հարցաքննվել, հրաժարվել է ցուցմունք տալուց։
Նկատի ունենալով նրա առողջական վիճակը՝ առ այժմ նրա խափանման միջոցի հարցը չի բարձրացվել։
«Ինչ վերաբերում է երեկ ձերբակալված մայորին, ապա դատախազությունից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ մայորը կալանավորվել է»,-նշում է կայքը։