Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Մշակույթի համար նոր եվրոպական օրակարգի և միջազգային մշակութային հարաբերությունների համար ԵՄ նոր ռազմավարության իրականացում» բանաձևը։
ԿԳՄՍՆ-ն տեղեկացնում է, որ Բանաձևում անդրադարձ է կատարվում հակամարտային գոտիներում մշակութային արժեքների պաշտպանության հարցերին և դատապարտվում է վերջին հակամարտությունների ժամանակ պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության նպատակաուղղված ոչնչացումը։
Եվրոպական խորհրդարանի անվտանգային ու պաշտպանական հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի (Nathalie LOISEAU/Renew Europe/ Ֆրանսիա) ստորագրած և նույն խմբակցության անդամ Պետրաս Աուստրևիչուսի (Petras AUŠTREVIČIUS/Լիտվա) կողմից համաստորագրված լրամշակման հիման վրա hստակ քննադատվում է նաև Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային արժեքների ոչնչացմանն ուղղված Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը:
Բանաձևի 78-րդ կետում, մասնավորապես, նշվում է. «Եվրախորհրդարանը կոչ է անում հանձնաժողովին խստիվ դատապարտել վերջին հակամարտությունների ընթացքում պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև պատմական, գեղարվեստական և մշակութային ժառանգության համակարգված և քաղաքական կամ գաղափարական շարժառիթներով նպատակաուղղված ոչնչացումը: Եվրախորհրդարանը կոչ է անում հանձնաժողովին խստիվ դատապարտել նաև ինքնիշխան պետությունների, ժողովուրդների կամ փոքրամասնությունների ինքնության և մշակույթի արմատապես վերացումը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը»:
Բանաձևն ընդունվել է նախորդ տարվա դեկտեմբերին: Այն հասանելի է հետևյալ հղմամբ: