Search
Close this search box.

2018 թվականից մոտ 120 հազար ՀՀ քաղաքացի ստացել է ՌԴ քաղաքացիություն. հիմա այդ մարդիկ վտանգի տակ են

Lragir.am-ը գրում է.

Ռուսաստանում մոբիլիզացիայի շրջանակներում զորակոչում են նաև ՌԴ քաղաքացիություն չունեցող օտարերկրացիներին։ Ընդ որում, այս միտումը կա ամիսներ շարունակ․ նրանց փորձում են զորակոչել համոզելով, սպառնալով, տարբեր ճանապարհներով։

Միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռևս նախորդ տարվա աշնանից նման ահազանգեր կան։ Համացանցում կան տեսանյութեր, որոնք փաստում են վերոնշյալը։ Տեսանյութերից մեկի համաձայն՝ զինկոմիսարիատում օտարերկրացուն ասում են՝ «կապ չունի, քաղաքացի եք, թե ոչ, ապրում եք այստեղ, կատարեք ձեր պարտքը, մեր նախագահը հրաման է տվել»։ Այնուհետև սպառնում են՝ եթե չծառայեն, «օրենքի լեզվով» կխոսեն նրանց հետ։

Տեսանյութերից մեկի համաձայն էլ ոստիկանները փողոցում հարցնում են օտարերկացրուն, թե ինչո՞ւ է եկել Ռուսաստան, գողություն անելու նպատակո՞վ։ Երբ անձը պատասխանում է, որ աշխատանքի նպատակով է Ռուսաստանում, ոստիկանն ասում է՝ «այդ դեպքում բարի եղիր, գնա ծառայիր։ Եկել ես Ռուսաստան, բարի եղիր գնա պաշտպանիր երկիրը»։ Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ այս տեղանյութերը փաստում են, որ փորձում են մարդկանց սպառնալով զորակոչել։ «Եկեք չմոռանանք՝ մենք Ռուսաստանի հետ գործ ունենք»,- ասաց Բեժանյանը։

Նրա խոսքով՝ Մոսկվայի Սախարովո կենտրոնում, որտեղ բուժզննում են անցնում օտարերկրացիները, որպեսզի միգրացիոն հաշվառումը երկարացնեն կամ պատենտ ստանան, արդեն նախորդ տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից տեղադրել էին կետեր, որտեղ փորձում էին նրանց ներգրավել զինծառայության գործընթացում։ «Այդ կետերում ուզբեկերեն, տաջիկերեն, ղրղըզերեն խոսելով՝ փորձում էին այդ երկրների քաղաքացիներին ներգրավել պայմանագրային զինվորական դառնալու գործում։ Այսինքն՝ նրանց մայրենի լեզվով համոզում էին, որ կամավոր պայմանագիր ստորագրեին, գնային Ուկրաինա կռվելու։ Դրա դիմաց խոստանում էին պատերազմից վերադառնալուց անմիջապես հետո քաղաքացիություն ու խոշոր գումարի տրամադրում։ Ամբողջ հարցն այն է, որ քաղաքացիությունն ու գումարը պայմանագիրն ստորագրելու պահին չեն տալիս, մարդը պետք է վերադառնա, հետո։ Այսինքն՝ խոստում՝ կյանքի կամ մահվան դիմաց։ Բարեբախտաբար, Ղրղըզստանի դեսպանատունը շատ արագ քայլեր ձեռնարկեց, ասաց, որ միայն դեսպանատան աշխատակիցները կարող են այդ կետում աշխատել։ Եվ իրենք ղրղըզերենով մարդկանց սկսեցին համոզել, որ նման բան չանեն։ Եվ դրա արդյունքում ամենաքիչը Ղրղըզստանի քաղաքացիներն էին նման պայմանագրեր կնքում, իսկ Ուզբեկստանի ու Տաջիկստանի քաղաքացիներին համոզելով, ոմանց շանտաժի ենթարկելով՝ փորձում էին կորզել այդ պայմանագրերը։ Սկզբնական շրջանում կարծես թե ստացվում էր, հետո մարդիկ հասկացան, թե ինչ է կատարվում»,- ասաց Բեժանյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիներին, նրանցից միայն մեկ ահազանգ է ստացվել։ «ՀՀ քաղաքացուն քննիչը զանգել ասել էր, որ ինքը որպես վկա ինչ-որ քրեական գործում ներգրավված է։ Հանցագործությունը տեղի էր ունեցել մի քաղաքում, որտեղ մեր քաղաքացին երբևէ չէր էլ եղել։ Ասում է՝ երբ քննիչը եկավ իմ տուն, 2-3 րոպե խոսեց քրեական գործից, բայց 40 րոպե փորձում էր համոզել, որ ես պայմանագիր կնքեմ։ Քաղաքացին ասում է՝ երբ ես հրաժարվեցի, դուրս գալիս քննիչն ասաց՝ ամեն դեպքում հիշեք, որ դուք որպես վկա ներգրավված եք քրեական գործում, բայց շատ հանգիստ կարող եք դառնալ կասկածյալ։ Այսինքն՝ սպառնացել են, մեր քաղաքացին ուղղակի անմիջապես վերադարձել էր Հայաստան։ Հիմա իրավապաշտպաններից ահազանգ կա, որ քրեակատարողական հիմնարկներից բոլոր օտարերկրացի ոչ ՌԴ քաղաքացի կալանավորներն ուղղակի բարձում են մեքենաները և տեղափոխում ուղիղ ռազմաճակատ։ Դեսպանատները չեն իրազեկվում այդ մասին, այդ մարդկանց ուղղակի լցնում են մեքենաներն ու տանում»,- ասաց Բեժանյանը։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL