Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կրակոց է արձակել Անտառային 160/9 շենքի 4-րդ հարկի պատուհանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Երվանդ Նիկոյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատրի տեղակալ Կարեն Ավետիսյանի և վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ։ Այս պահին նույն վաշտի պարեկներ Զավեն Գրիգորյանն ու Տարոն Ներսիսյանը սահմանազատել են տարածքը և տեղում ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, ինչը պարեկներին հաջողվում է։ Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանները ու քննիչները նշված պատուհանի վրա հայտնաբերել են կրակոցի հետք, իսկ ներսում՝ պատուհանագոգի վրա ապակու մնացորդներ և կրակված պարկուճ։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տան սեփականատիրոջ ինքնությունը։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները։