Search
Close this search box.

«Դա Ռուսաստանի գործը չէ»․ Եվրամիությունը հայերին՝ Ռուսաստանը հեռանում է, ուզո՞ւմ եք անկախ պետություն ունենալ

ՌԴ ԱԳՆ՝ Հայաստանում երկարաժամկետ առաքելություն տեղակայելու Եվրամիության որոշման կապակցությամբ ավանդական դեմագոգիայով, սակայն Ռուսաստանի բուն նպատակներն արդեն չթաքցնող հուսահատ ջղաձգումներով հայտարարությանն արձագանքել են ԱՄՆ եւ Եվրամիության ներկայացուցիչները։ ԱՄՆ Պետդեպի խոսնակը պատասխանել է հակիրճ՝ ԱՄՆ-ն ներգրավված չէր նոյեմբերի 9-ին կնքված հրադադարում, որի արդյունքում ռուս խաղաղապահներ ներգրավվեցին։ Այսինքն՝ ԱՄՆ այդ թուղթը Ղարաբաղի խնդրի կարգավորում չի համարում։

Շատ ավելի առարկայական ու ծավալուն էր Եվրամիության արձագանքը։ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն նախ նշել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության, տարբեր դերակատարների միջեւ մրցակցության պատանդ դառնա», պատասխանելով ՌԴ ԱԳՆ այն պնդմանը, թե Եվրամիության դիտորդների հայտնվելը կարող է միայն աշխարհքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»։

«ԵՄ առաքելությունը քաղաքացիական է և առանցքային դեր կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին աջակցելու գործում, որոնք գործադրում է ԵՄ-ն։ ԵՄ-ն այդ դերը ստանձնել է երկու կողմերի համապատասխան խնդրանքից հետո», նշել է Ստանոն, պատասխանելով ՌԴ ԱԳՆ այն պնդմանը, թե «Եթե ​​Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա նրանք Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքի պայմանները»։

Ստանոն ընդգծել է, որ «Ռուսաստանը ակնհայտորեն սխալ է հասկացել այս առաքելության նպատակը, եւ որ ավելի կարևոր է՝ դա Ռուսաստանի գործը չէ»։

Ինչ հետեւություններ կարելի է անել դիվանագիտական այս «փոխհրաձգությունից»։ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ պարզ նկարագրված է 2020-ի պատերազմը նախաձեռնած եւ նոյեմբերի 9-ի եւ մյուս եռակողմ թղթերը հեղինակած Ռուսաստանի փորացավը՝ աչքից հեռու ավարտին հասցնել Հայաստանի պետականության վերացումը, երեւանյան խամաճիկների «խաղաղ օրակարգով» եւ ռուսական զորքի տեղակայման վայրերում Բաքվի ներխուժումների միջոցով։ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը ուղիղ հրահանգ էր Բաքվին՝ սրել իրավիճակը՝ ռուս զինվորականների աջակցության երաշխավորմամբ։

Հաջորդ էական հանգամանքն այն է, որ Եվրամիությունը չի հարցրել ոչ Ռուսաստանին, ոչ էլ Բաքվին եւ, որ առավել կարեւոր է՝ Երեւանին։ Քպ-ական վերնախավն ու նրա հենակ «ընդդիմությունը» ներքին կոնսենսուսի են հասել ռուսական ծրագրերին հավատարմության հիմքով Հայաստանի տարածքների ու իրավունքների հանձնման հարցում եւ Մոսկվայի հրահանգով ջանքեր են գործադրում «արտաքին կոնսենսուս» ձեւավորելու հարցում՝ մանդատ ռուս խաղաղապահներին, նոյեմբերի 9-ի թղթի լեգիտիմացում միջազգային ատյաններում, միջազգային ուղիղ միջամտության բացառում։

«Գաղափարական հիմնավորումը» հետեւյալն է՝ Հայաստանը չպետք է դառնա աշխարհքաղաքական շահերի բախման բեմ։ Հասկանալի է, թե իրականում որտեղից է գալիս եւ ինչ նպատակ ունի այս «մտահոգությունը», որը արձանագրված է նաեւ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ՝ նոյեմբերի 9-ի թղթին այլընտրանք չկա, միջազգային ատյաններում հայկական իրավունքների խնդրի քննարկումներն ընդամենը կսրեն իրավիճակը։

ՌԴ ԱԳՆ հայտարարությունը Ռուսաստանի ռազմավարության շարադրումն էր՝ ՌԴ-ն հեռանում է Հարավային Կովկասից, որտեղ Հայաստանի անկախ պետություն չպետք է մնա։ Թե ինչ է սպասում ՌԴ-ից ու նոյեմբերի 9-ի թղթից կառչած Հայաստանին՝ դժվար չէ ենթադրել։ Հայ ժողովրդի խնդիրը ռուսներին մեկընդմիշտ ճանապարհելն է՝ նրանց հեղինակած եռակողմ թղթերով ու դրանց սպասարկու տեղական դեբիլային խմբերով հանդերձ։

Lragir.am

Please enter a valid URL