Search
Close this search box.

«Ժողովուրդ». Մինչ հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում արգելված իրեր է հայտնաբերել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ է հայտնի դարձել 15 զինվորի ողբերգական մահվան գործով: Մասնավորապես, մեզ հայտնի է դարձել, թե ինչ խոսակցություններ են ունեցել զինվորները իրենց սպայի հետ, եւ դեպքից առաջ ինչ է կատարվել կացարանում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ մինչ ողբերգական հրդեհը ռազմական ոստիկանությունը կացարանում ստուգումներ է արել եւ արգելված իրեր է հայտնաբերել , ինչի մասով կազմվել է արձանագրություն: Այս մասին զորամասի ղեկավար կազմը տեղեկացված է եղել, որից հետո սպան խոսակցություն է ունեցել զինվորների հետ արգելված իրերի անթույլատրելիության մասով: Բացի այդ, սպայական կազմը եւս խիստ նկատողություն է ստացել:

Չի բացառվում, որ զինվորների ծնողները կացարանում առկա լարված իրավիճակն են նկատի ունեցել իրենց հարցազրույցներում:

Մասնավորապես, մահացած զինծառայողներից, Լոռու մարզի Հոբարձի համայնքի բնակիչ Ռոստոմ Ասրյանի հայրը՝ Արտակ Ասրյանը, հայտնել էր. «Դա բենզինի բան չէ, ինչ կա, այդ աֆիցերի տակ է։ Երկու օր զինվորների հետ լարված է եղել, երկու օր առաջ այնտեղ լուրջ կռիվ է եղել։ Տղես որ զանգեց, ասաց՝ պա՛պ, շատ վատ է, ասացի՝ ի՞նչ է եղել, մենակ քո՞ համար է վատ, թե՞ բոլորիդ համար լավ չի. ասում է՝ բոլորիս»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող, 3 զինծառայող տեղափոխվել էր Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL