ԱԺ-ի սպասարկող անձնակազմը ստորագրահավաք է սկսել՝ պահանջելով վճարել իրենց պարգևավճարները: Բանն այն է, որ իշխանափոխությունից հետո, բացի պետական ծառայողներից, խորհրդարանի ղեկավարությունը պարգևավճար է հատկացրել նաև ԱԺ տեխնիկական ու սպասարկող անձնակազմին. մոտ չորս տարի տվել է, հիմա՝ կտրել:
Պարգևավճարներից զրկվածները զայրացած են, որ իրենց առանձնացրել են բոլորից ու բաժանարար գիծ քաշել, սև ու սպիտակ դարձրել: «Երբ իրենք նոր էին մտել խորհրդարան, լավ տղա էին խաղում, սրտացավ էին ձևանում, որ հավատանք ու վստահենք: Իսկ հիմա, երբ իրենց կարծիքով՝ մեզ իրենցով են արել, երեք մատի գործողություն են ցույց տալիս»,-ասաց պարգևավճար չստացած աշխատակիցներից մեկը:
Ստորագրահավաքին միացել են տեխնիկա-տնտեսական գործառույթ իրականացնողները: Ասում են՝ նախկինում հավասար պայմաններ են եղել. տարին երկու անգամ, պետական ծառայողների հետ իրենց էլ են պարգևավճար տվել: Ճիշտ է` սպասարկող անձնակազմը պարգևավճարը ստացել է ԱԺ տնտեսած միջոցներից, բայց դա իրենց խնդիրը չէ: Կարևորը՝ ղեկավարությունը բոլորին հավասար աչքով է նայել: Իսկ հիմա աշխատակազմի ղեկավարից շշուկներ են հասել, որ սպասարկող անձնակազմին պարգևավճար տալու գումար չկա: «Այսինքն, չաշխատող, ամբողջ օրը պարապ ֆռֆռացող պետական ծառայողի համար փող կա, իսկ նվազագույն աշխատավարձով յոլա գնացող, աշխատող-տանջվողի համար չկա՞: Ինչո՞ւ սովորեցրին, որ հիմա էլ կտրում են»,-ասաց ԱԺ աշխատակիցը:
hraparak.am