Հայաստանի դեմ 2020-ի սեպտեմբերից սկսած ու շարունակվող ոճրագործությանը՝ ռազմական արշավին եւ «հետպատերազմյա կարգավորմանը» Պուտին-Ալիեւ-Փաշինյան կրկեսով քաղաքական պատշաճ տեսք ու լեգիտիմություն հաղորդելու ջանքերն ավելի ու ավելի են դժվարանում։ Քարոզչական աղբը նույնիսկ ամենադյուրահավատ հայերին է զզվեցրել, Ռուսաստանը Հայաստանի դեմ կանգնած է ողջ հասակով, իր սեփական դեմքով, նրա նպատակները եւ նույնիսկ դրանք իրագործելու մեխանիզմները հայ հանրության ավելի ու ավելի լայն շերտերի են հասանելի դառնում։
Այս իրավիճակում ՌԴ պաշտոնական հայտարարությունները վեր են ածվում ավանդական դեմագոգիայի, սակայն բուն նպատակները արդեն չթաքցնող հուսահատ ջղաձգումներով: Տենդենցի վառ արտահայտությունը ՌԴ ԱԳՆ հայտարարությունն է Հայաստանում երկարաժամկետ առաքելություն տեղակայելու Եվրամիության որոշման կապակցությամբ։
Այսպես, արձանագրելով, որ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական նոր առաքելությունն ավելի հավակնոտ է լինելու, ՌԴ ԱԳՆ գրում է․ «Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման վերաբերյալ Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Մենք որևէ «ավելացված արժեք» չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ԵՄ «փորձագետների» վերահսկողությունից։ Եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա նրանք Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին իրենց առաքելության աշխատանքի պայմանները»։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Անդրկովկասում խաղաղությունը հնարավոր է միայն հարեւանի տարածքը զավթող Բաքվի հետ համաձայնություններով, ենթադրվում է՝ Բաքվի պայմաններով։ Մոսկվայի առաջնորդությամբ Նիկոլի «խաղաղ օրակարգը», պատրաստակամությունը նորանոր զիջումների եւ Իլյուշայի «հաղթական» հոխորտանքները դրա հիմնավորումներն են։ Տեսեք, մի խախտեք հայ վերնախավերի ներքին կոնսենսուսի հուզիչ ներդաշնակությունը։
«Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված Եվրամիության դիտորդներների հայտնվելը, որն ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն է վարում, կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները»։
Սա ուղիղ հրահանգ է Բաքվին՝ սրել իրավիճակը։ Հայաստանի դեմ նոր հարձակման հիմնավորումը շարադրված է սառը պատերազմի եզրաբանության կուռ վերարտադրությամբ։
«Հայաստանում ամեն գնով ոտք դնելու, Ռուսաստանի միջնորդական ջանքերը դուրս մղելու Եվրամիության փորձերը կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերին տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու նրանց ձգտումներում»։
Թե որոնք են Ռուսաստանի պատկերացմամբ «հայերի և ադրբեջանցիների» հիմնարար շահերը, երեւում է ՌԴ նախաձեռնած 2020-ի պատերազմից, ՌԴ հեղինակած նոյեմբերի 9-ի եւ մյուս եռակողմ թղթերի բովանդակությունից։ Շահերի մեջ է մտնում նույն նոյեմբեր 9-ի բոլոր դրույթների տոտալ խախտումը Բաքվի եւ բախման մյուս կողմ՝ Ռուսաստանի կողմից։
«Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև Հայաստանի սահմաններին ծառայող ռուս սահմանապահները։ Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը»։
Սա հայերի «հիմնարար շահերի» ապահովման մեխանիզմն է՝ եռակողմ թղթերի հիման վրա եւ ռուսական զինված կոնտինգենտի վերահսկողությամբ։ Եթե եվրոպացի դիտորդները խանգարեն այդ մեխանիզմի իրագործմանը, օրինակ՝ ռուսական զորքի տեղակայման վայրերում Բաքվի ներխուժումներին, ռուս զինվորականները կարող են ուղիղ հակահարված տալ։ Հարվածել դիտորդներին եւ նրանց վստահող հայերին։ Այսպիսի սպեցիֆիկ լաչառությունը արդեն նույնական է ոչ թե սառը պատերազմին, երբ նման սպառնալիքներ հնչեցնելը վատ տոնի վկայություն էր համարվում, այլ Ուկրաինայում ընթացող պատերազմին։ Հայ մարդը հստակ լսում է նաեւ թյուրքական լաչառության աքլորական երանգները։ Կարծում ենք, որ այս հանդգնության հակահարվածը կտրվի արդեն առանց նիկոլ-միկոլների պացիֆիստականներին նայելու։
«Մենք արձանագրում ենք, որ Երեւանում, առանց իր տրամաբանական ավարտին հասցնելու ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցները շահագրգռված մնան օգտագործելու ՀԱՊԿ ներուժը, ապա այդ առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում»։
Այսպիսով, Մոսկվայի ու Բաքվի՝ անցյալ տարվա սեպտեմբերին Հայաստանի դեմ հարձակումից հետո քպ-ական վերնախավի ծավալած՝ ՀԱՊԿ-ում մնալ-չմնալու միմոսությունները եւ ՀԱՊԿ երեւանյան կլոունադան տակավին կարեւոր շտրիխներ են ռուսական ծրագրերում։ Կրեմլի պլանավորողները ըստ երեւույթին վատ են տեղեկացված, թե Հայաստանում ինչպիսի զզվանք է առաջացնում «ռուս» բառը մոսկովյան պետության առնչությամբ, անշուշտ։ Նիկոլ ի Վովա շապիտոյի հանդիսականները գրեթե բացառապես ագենտներն են։
Վերջում ՌԴ ԱԳՆ արձանագրում է, որ «կարգավորումը» միեւնույն է տեղի է ունենալու եռակողմ համաձայնությունների ու թղթերի հիման վրա։
ՌԴ ԱԳՆ այս հայտարարությունը Ռուսաստանի ռազմավարության «մանիֆեստն» է՝ ՌԴ-ն հեռանում է Հարավային Կովկասից, որտեղ Հայաստանի անկախ պետություն չպետք է մնա։ Մենք մեր սրտանց, եղբայրական երախտագիտությունն ենք հայտնում ՌԴ ԱԳՆ-ին դիվանագիտական եթերում բաց կյուրեղյան տեքստով արտահայտված անկեղծության համար։ Սպասիփ, զախաձիծի իշչո, Նիկոլ ի Վովա։
Lragir.am