«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհված զինծառայողների ծնողներին բռնի ուժով բերման ենթարկելու վարույթով 16 ծնող տուժող է ճանաչվել։ Զոհված զինծառայողների ծնողները, հիշեցնենք, նախորդ տարվա սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը հերթապահում էին Եռաբլուրում, որպեսզի ձախողեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը զինվորական պանթեոն, սակայն առավոտյան ոստիկանությունն ուժ կիրառելով՝ նրանց հեռացրեց տարածքից, զոհվածների ծնողներին տեղափոխեցին ոստիկանության բաժանմունք, ինչից հետո իշխանության ներկայացուցիչները կարողացան մոտենալ հերոսների գերեզմաններին, ծաղիկներ եւ ծաղկեպսակներ դնել։ Այդ բռնությունը ժամանակին հանրային մեծ աղմուկ առաջացրեց, մարդիկ պահանջում էին պատժել բռնություն գործադրած ոստիկաններին։
Զոհված զինծառայողների ծնողները շարունակում են պնդել` բավականին ժամանակ է անցել, սակայն որեւէ մեկը դեռեւս պատասխանատվության չի ենթարկվել։
Երեկ՝ հունվարի 26-ին, Քննչական կոմիտեում առերեսում էր տեղի ունենում ծնողների ու ոստիկանության ներկայացուցիչների միջեւ։ «Խուդինյանի հետ առերեսում պիտի լինի։ Վերջերս պարզ դարձավ, որ ինքն է հրաման տվել՝ բերման ենթարկելու ծնողներին։ Ուզում եմ տեղեկացնել, որ նախորդ տարի՝ սեպտեմբերի 23-ին, անձամբ ես խոսել եմ Խուդինյանի հետ, ուզում էի պարզել՝ ով է հրաման տվել, որ մեզ հետ այդպես վարվեն։ Խուդինյանը քֆուրով ասել է, որ ինքը հրաման չի տվել։ Խնդիրն այն է, որ «կարմիր գլխարկներն» առերեսումների ժամանակ ասել են, թե Խուդինյանն է տվել այդ հրամանը։ Մենք կասկածում ենք, որ Փաշինյանի անվտանգության պետն է հրամանը տվել։ Իրավասություն չունի՞։ Ժողովուրդ, ի՞նչ իրավասություն, մենք մոռանու՞մ ենք՝ ինչ երկրում ենք ապրում։ Եկեք մի հատ հիշենք, էլի, որ երկրում ենք ապրում։ Սա անբարոյականության դրսեւորում է։ Այն մարդը, որն իրեն թույլ կտա հերոս ծնած մոր ոտքը, ձեռքը բռնի ու տանի, էլ ի՞նչ մարդու մասին կարող է խոսք լինել»,- ասաց ծնողներից մեկը։
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, եւս բացառում է, որ Երեւանի փոխոստիկանապետ, գնդապետ Արթուր Խուդինյանը կարող է նման հրաման տված լինել։ «Մենք չենք կարծում, որ Խուդինյանն է եղել հրաման տվողը։ Որովհետեւ չենք պատկերացնում մի հայ տղամարդ, որը նման հրաման տվողին մայր կհայհոյի, հետո կպարզվի, որ ինքն է հրաման տվողը։ Այո, «բերետներն» ասել են, թե Խուդինյանն է հրաման տվողը։ Խուդինյանն էլ, կարծեմ, երկու օր առաջ եկել է ստեղ ու հաստատել է դա։ «Բերետները» մամաների հետ հանդիպման ժամանակ ասել են, թե վարչապետի փայերով են գտնվել Եռաբլուրում։ Մենք չենք հասկանում՝ վարչապետի փայերը էդ ո՞րն է։ «Բերետներից» մեկը պնդել է, որ իրենց վայբերին է հրաման եկել։ Չի ասել՝ կոնկրետ ով, ասել է՝ չի կարող ասել։ Ասել է նաեւ, որ իրենք այդպիսի չաթ ունեն, որտեղ ոստիկաններով շփվում են։ Փաստորեն ստացվում է, որ ոստիկանական համակարգը միմյանց հետ վայբերով է շփվում»,- ասաց Գալեյանը։
«Դրա անգամ անունն էլ չեմ ուզում տալ, բայց եթե ուշադրություն եք դարձրել, ապա թե՛ կառավարության նիստերին, թե՛ այլ տեղերում այդ մարդն անընդհատ խոսում է ոստիկանությունից։ Ոգեւորված խոսում է պարեկներից, մյուսներից եւ այլն։ Բայց մի անգամ չտեսանք, որ խոսի բանակից, բանակի զինվորներից, խրախուսական մի բան ասի, ոգեւորվի։ Այնտեղից կտրում, անընդհատ ոստիկաններին է խրախուսում, պարգեւատրում։ Մենք նաեւ ինֆորմացիա ունենք, որ շատ զինվորականներ ցանկություն են հայտնում, որ դուրս գան բանակից, գնան մտնեն պարեկային ծառայություն, որովհետեւ իրենց այնտեղ շատ ավելի հարգալից են վերաբերվում, իրենց ավելի բարձր աշխատավարձ են տալիս, անվտանգ են եւ այլն։ Այս առումով թող ժողովուրդը լսի, որ բանակը հետեւողականորեն քանդում են ու դիտավորյալ են քանդում»,- ասաց ծնողներից մյուսը՝ Արա Ռոստոմյանը։
Ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանն ավելի քան 4 ժամ տեւած առերեսումից հետո տեղեկացրեց, որ Խուդինյանին ուղիղ հարց է տվել՝ արդյոք ի՞նքն է հրաման իջեցրել, սակայն Երեւանի փոխոստիկանապետը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է տեղեկությունը։
hraparak.am