Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Մենք ողջունում ենք մեր գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ջանքերը՝ տարածաշրջանում վստահություն ձևավորելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելու ուղղությամբ։ Քանի դեռ դրանք արդյունավետ են, մենք շարունակելու ենք սերտորեն համագործակցել մեր բոլոր գործընկերների, այդ թվում նաև տարածաշրջանի մեր գործընկերների հետ։
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Հայաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելության մասին և անդրադառնալով տարածաշրջանում ՌԴ-ի դերակատարմանը։
«Մասնավորապես, ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա Միացյալ Նահանգները չի մասնակցել 2020թ. նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի հաստատմանը, ինչը հանգեցրել է ռուս խաղաղապահների տեղակայմանը, ուստի ես պարզապես ոչինչ չունեմ առաջարկելու այս հարցով։ Բայց, իհարկե, ինչպես գիտեք, սա շատ կարևոր հարց է պետքարտուղարի համար և այն է, ինչին նա մեծ ուշադրություն է հատկացնում և խորապես ներգրավված է», — հավելել է Պատելը։
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր.«Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական նոր առաքելություն ստեղծելու մասին՝ երկու տարի ժամկետով։ ԵՄ ներկայության կոնկրետ պարամետրերը կորոշվեն առաջիկայում։ Բայց արդեն ակնհայտ է, որ այն ավելի հավակնոտ է լինելու, քան ԵՄ մոնիտորինգի մեխանիզմը, որը Հայաստանում գործել է անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին։
Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Մենք, հայ-ադրբեջանական սահմանի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ԵՄ «փորձագետների» վերահսկողության արդյունքում, որևէ «ավելացված արժեք» չենք տեսնում: Եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցներ իր առաքելության աշխատանքի պայմանները:
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:
ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը ևս չպետք է մոլորեցնող լինի. այն ձևավորվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Եվրամիության՝ Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու և Ռուսաստանի միջնորդական ջանքերը հետ մղելու փորձերը, կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերը՝ տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու նրանց ձգտումներում։ Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև Հայաստանի սահմաններին ծառայող ՌԴ սահմանապահները: Նրանք ԵՄ դիտորդների պահվածքին կարձագանքեն՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը։
Մենք ֆիքսում ենք, որ Երևանում, առանց իր տրամաբանական ավարտին հասցնելու ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցները շահագրգռված են օգտագործել ՀԱՊԿ ներուժը, ապա նրա առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում։
Ինչպես նախկինում, մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և, ընդհանրապես, տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենակայուն և երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների խստիվ և հետևողական կատարումն է. պայմանավորվածությունները վերաբերում են այդ թվում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը, հասարակության, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների միջև եռակողմ շփումների զարգացմանը։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»։