«Հրապարակ» թերթը գրում է. Մինչ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ամենօրյա ռեժիմով աղաղակում են, թե իրենց ղեկավարած պետական համակարգում կոռուպցիա չկա, այդ նույն պետական կառույցներում կոռուպցիան էլ ավելի է ծաղկում։ Այնպես, որ անգամ Փաշինյանի նշանակած իրավապահները չեն կարողանում դա թաքցնել ու երբեմն դրանց բացահայտման մասին հաղորդագրություններ են տարածում, որտեղ, իհարկե, «խոշոր ձկների» անուններ չկան։ Ահավասիկ, օրերս ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում խոսվում էր այն մասին, թե ինչպես են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձինք կաշառք վերցրել տնտեսվարողից ու մի մասը տվել ավելի վերեւում գտնվող պաշտոնյաների, որպեսզի ներկրվող ապրանքի մաքսազերծման համար ավելի նպաստավոր պայմաններ ապահովեն։ Խոսքը ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության բարձրաստիճան պաշտոնյաների մասին է՝ մեկ տասնյակից ավելի։
ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում է, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 15 անձի նկատմամբ, որոնցից 12-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Ընդ որում, կալանավորված ՊԵԿ պաշտոնյաներից մի քանիսի բնակարաններից ապօրինի հրազեններ են հայտնաբերել։ Մենք տեղեկացանք, որ կոռուպցիոն այս սխեման տեղի է ունեցել «Մետէքսիմ» տերմինալում, ինչը նշված չէր ԱԱԾ հաղորդագրությունում։ Ձերբակալված ու կալանավորված պաշտոնյաներից մեկը, մեր տեղեկություններով, ԱԱԾ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Վարդան Սարգսյանն է։
Մեզ ասացին՝ նման դեպքեր վերջին շրջանում բացահայտվել են նաեւ «Զվարթնոց» օդանավակայանում, երբ փորձել են ապօրինի ճանապարհով ծխախոտ արտահանել, մի դեպք էլ բացահայտվել է Բագրատաշենի անցակետում՝ ներկրվող հագուստը կաշառքի դիմաց ձեւակերպվել է որպես մանդարին, որ ներկրողն ավելի ցածր արժեքով այն մաքսազերծի։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետը նախկինում ՔՊ-ական պատգամավոր Երջանիկ Հակոբյանն է՝ այս կոռուպցիոն սկանդալը հենց նրա անմիջական պատասխանատվության տակ է։ Դժվար թե նա իմացած չլիներ, թե ինչով են զբաղված իր տեղակալն ու աշխատողները։ Ավելին, դժվար թե այս ամենի մասին տեղյակ չլիներ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ով երեկ կառավարության նիստից հետո ետնամուտքով հեռացավ՝ հավանաբար, որ չառերեսվի լրագրողների հետ։ Նորմալ երկրում այսպիսի բացահայտումներից հետո այս ոլորտի ու վարչության պատասխանատուներն անմիջապես կազատվեին պաշտոններից, հետո քննություն կիրականացվեր, բայց Հայաստանում ամեն ինչ սլաքավարների գլխին է ջարդվում։Երեկ ամբողջ օրը մենք փորձեցինք կապ հաստատել Երջանիկ Հակոբյանի հետ, սակայն չհաջողվեց։
Ի դեպ, ուշագրավ է, որ ԱԱԾ-ն ՊԵԿ-ում կոռուպցիոն սխեմայի բացահայտման վերաբերյալ այդ հաղորդագրությունը տարածել է հունվարի 25-ին, իսկ դրանից ընդամենը 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՊԵԿ՝ ծանոթանալու գերատեսչության 2020 թվականի գործունեությանը, ու ոչ մի խոսք չէր ասել ՊԵԿ-ում բարձրաստիճան պաշտոնատար անձանց մասնակցությամբ կոռուպցիոն դրսեւորումների մասին։ Միամտություն կլինի կարծել, թե ԱԱԾ-ն մեկ օրում է բացահայտել այս դեպքը, ու դրանից առաջ ՊԵԿ նախագահին եւ Նիկոլ Փաշինյանին այս մասին չի զեկուցվել։ Սա, վստահաբար, վաղուց մեկնարկած գործընթաց է, բայց Նիկոլ Փաշինյանը ՊԵԿ այցելության ժամանակ ոչինչ չի խոսել դրա մասին, Ռուստամ Բադասյանն էլ որեւէ բան չի զեկուցել՝ ասես ամեն ինչ կարգին է համակարգում։
Ի դեպ, անցյալ տարվա օգոստոսին ՊԵԿ նախագահի՝ մաքսային ոլորտը համակարգող տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի՝ պաշտոնից ազատվելուց հետո մինչ օրս նրա տեղը ոչ ոք չի նշանակվել։ Թերեւս նաեւ սա է պատճառը, որ ՊԵԿ-ի մաքսային ոլորտում նման անվերահսկելի վիճակ է, եւ կոռուպցիան էլ ծաղկում է։