Search
Close this search box.

Այս գիշեր նորահայտ աստերոիդը առավելագույնս մոտ կանցնի Երկրի կողքով․ արդյո՞ք այն վտանգավոր է Երկրի համար

Այս գիշեր 2023 BU կոչվող փոքր աստերոիդը երբևէ գրանցված առավելագույնս մոտ հեռավորությունից կանցնի Երկրի կողքով, այս մասին տեղեկացնում է ամերիկյան տիեզերական գործակալությունը՝ NASA-ն։

Ըստ NASA-ի՝ բեռնատարի չափեր ունեցող աստերոիդը կանցնի Հարավային Ամերիկայի հարավային ծայրամասի վրայով հունվարի 26-ին Խաղաղ օվկիանոսի ստանդարտ ժամանակով ժամը 16:27-ին (հունվարի 27-ին, Երևանի ժամանակով 02:27), մոլորակի մակերևույթից ընդամենը 3600 կմ բարձրության վրա և գեոստացիոնար արբանյակների ուղեծրի շրջակայքում:

NASA-ն ընդգծել է, որ Երկրի հետ աստերոիդի բախման վտանգ չկա։ ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության տարածած մամուլի հաղորդագրությունում նաև պարզաբանվում է.

«Բայց նույնիսկ եթե դա տեղի ունենար, 3,5-8,5 մետր լայնությամբ այս փոքրիկ աստերոիդը կվերածվեր հրե գնդի և հիմնականում անվնաս կերպով կքայքայվեր մթնոլորտում, ընդ որում ավելի մեծ բեկորների մի մասը պոտենցիալ կերպով կընկնեին փոքր երկնաքարերի տեսքով»:

Աստերոիդը հայտնաբերել է Ղրիմից սիրողական աստղագետ Գենադի Բորիսովը այս տարվա հունվարի 21-ին: Նա նշել է, որ Հարավային կիսագնդի բնակիչները հունվարի 26-ին կկարողանան դիտել օբյեկտը նույնիսկ սիրողական աստղադիտակներով։

Նշենք, որ 2023 BU-ն փոքր է և, ինչպես արդեն վերևում նշվեց, Երկրի համար որևէ վտանգ չի ներկայացնում։ Սակայն բոլոր աստերոիդները չեն, որ այսպիսի փոքր չափեր ունեն։ Աստերոիդը կարող է ունենալ շատ մեծ չափեր և Երկիր հասնելու դեպքում վրա լուրջ ավերածությունների պատճառ դառնալ։ Հենց այսպիսի սցենարից խուսափելու համար անցած տարվա աշնանն իրականացվել է NASA-ի DART (Double Asteroid Redirection Test) առաքելությունը, որը հաջողությամբ իրականացվեց անցած տարի։ DART զոնդը հարվածել էր Դիդիմ աստղակերպի շուրջը պտտվող Դիմորֆին, որպեսի պարզի, թե արդյոք հնարավոր է արհեստական կերպով փոխել աստերոիդի ուղեծիրը։

DART առաքելության արդյունքները գերազանցել էին բոլոր սպասելիքները։ Գիտնականների կարծիքով՝ բախումը աստղակերպի պտտման ժամանակը պետք է փոխեր մոտ 73 վայրկյանով, սակայն իրականում այն ​​փոխվել է 32 րոպեով և այժմ մեկ լիարժեք պտույտը տևում է 11 ժամ 23 րոպե։ Այս առաքելության արդյունքները շրջադարձային է համարվում մոլորակների պաշտպանության պատմության մեջ, քանի որ դրանք ցույց տվեցին, որ թռչող սարքի հետ բախումն իրականում կարող է փոխել աստղակերպի ընթացքը։

Այդուհանդերձ, կան, այսպես կոչված, պոտենցիալ մոլորակասպան աստերոիդներ, որոնք դժվար է հայտնաբերել, քանի որ դրանք «թաքնվում են» Արեգակի լույսի ներքո և աստղադիտակները չեն կարողանում ֆիքսել դրանք։ Նման մի աստերոիդ (2022 AP7) հայտնաբերվել էր 2022-ի նոյեմբերին։ Հենց այս նպատակով անցած տարի չինացիները վտանգավոր աստերոիդների մասին նախազգուշացնող նոր համակարգ էին առաջարկել։ Չինացի հետազոտողներն առաջարկել են Վեներայի նման ուղեծրերում տեղակայել վեց տիեզերական ապարատից բաղկացած նոր համակարգ, որի նպատակը կլինի Երկրին պոտենցիալ սպառնացող աստերոիդներին հնարավորինս շուտ հայտնաբերելն ու այդ մասին նախազգուշացնելը։

Please enter a valid URL