Հունվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորային:
Կողմերը կարևորել են նույն օրը տեղի ունեցած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին նիստի անցկացումը: Քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Արարատ Միրզոյանը և Էնրիկե Մորան անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերի: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայման մասին որոշումը՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև` միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային հանձնառությունների չկատարումը և առավելապաշտական դիրքորոշումը մեծապես խաթարում է տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման հայկական կողմի ջանքերը: