Գեղարքունիքում ինժեներասակրավորական վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի դեպքով ձերբակալված կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Այսօր ձերբակալվել է ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը և տեղափոխվել քննչական կոմիտե: Նրա նկատմամբ քննչական գործողություններ են ընթանում»,–ասաց Աբրահամյանը։
Այսօր դատախազությունը հայտնել էր, որ Աղեկյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Փաստեր են ձեռք բերվել, որ Աղեկյանը պարտավոր էր կազմակերպել թիկունքային օբյեկտների հակահրդեհային պաշտպանությունը, կազմակերպել անձնակազմի հրդեհային անվտանգության պահանջների ուսումնասիրումը և հրդեհների մարման ժամանակ անհրաժեշտ գործողությունների ուսուցումը։
Բացի այդ, նա պարտավոր էր ապահովել բոլոր օբյեկտներում հրշեջ միջոցների առկայությունը, հակահրդեհային անվտանգության պահանջների ժամանակին կատարումը, պետք էր առնվազն 3 ամիսը մեկ անգամ ստուգել գնդի հակահրդեհային պաշտպանության կազմակերպումն ու վիճակը և այլն։