2023 թ. հունվարի 1-ից Թուրքիայի ու Հայաստանի միջեւ հնարավոր է իրականացնել ուղիղ ավիաբեռնափոխադրումներ. սա Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր:
Հունվարի 6-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն էլ հայտնել էր. «Թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022 թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր»:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարություն եւ հետաքրքրվել, թե այս արգելքի վերացումից հետո արդյոք դիմումներ եղել են օդային բեռնափոխադրումներ իրականացնելու համար:
Ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են. «2023 թվականի հունվարի 1-ից՝ թուրքական կողմից Թուրքիա-Հայաստան եւ հակառակ ուղղությամբ օդային բեռնափոխադրումների արգելքի վերացումից հետո, Հայաստան-Թուրքիա եւ հակառակ ուղղությամբ դեռեւս օդային ճանապարհով բեռնափոխադրումներ չեն իրականացվում: Դեռեւս մաքսային եւ այլ ընթացակարգերի համաձայնեցում պետք է տեղի ունենա, որպեսզի հնարավոր լինի իրականացնել այդ թռիչքները»:
Այսինքն՝ որոշումը կա, քաղաքական հայտարարությունը կա, բայց խնդիրը փաստացի չի լուծվել. փոխադրում անել հնարավոր չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում