Բարձրաստիճան ՔՊ-ականների, նրանց ընտանիքների հետ փոխկապակցված տարբեր ընկերություններ շարունակում են պետության հետ գնումների պայմանագրեր կնքել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանի ընտանիքին պատկանող «Շինկարկաս» ընկերությունը դեկտեմբերի 6-ին 67 մլն դրամի (ավելի քան 170 000 դոլար) համաձայնագիր է կնքել Շիրակի մարզպետարանի հետ։
Համաձայնագիրը կնքվել է Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար։ Վերանորոգվող տանիքի մակերեսը ավելի քան 3 800 քառակուսի մետր է։ Պայմանագրով նախատեսվում է աշխատանքներն ավարտել 90 օրվա ընթացքում։
Պայմանագրի կնքումից օրեր անց դպրոց էր այցելել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, ասել, որ տանիքի վերակառուցումն անհետաձգելի է, քանի որ «դպրոցի ամբողջական քայքայում է գնում»։
Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ «Շինկարկաս»-ը հիմնադրվել է 1999 թվականին, Հովհաննես Հարությունյանի հոր՝ Ավետիք Հարությունյանի կողմից, Գյումրիում։ Ընկերության 70 տոկոսի բաժնետերը Հովհաննես Հարությունյանի եղբայրն է՝ Անուշավան Հարությունյանը, իսկ 30 տոկոսը պատկանում է մորը՝ Դշխուհի Հարությունյանին։ Քաղաքաշինության կոմիտեն «Շինկարկաս»-ին կապիտալ շինարարության բնագավառում գործունեություն իրականացնելու լիցենզիա է տվել։ Ընկերությունը ժամանակին ներգրաված է եղել նաև Ախուրյանում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանց համար բնակելի շենքերի կառուցման գործում։ Կառուցված շենքերի որակից քաղաքացիները դժգոհություն էին հայտնել։
Շիրակի մարզպետարանը «Շինկարկաս»-ի հետ պայմանագիր է կնքել գնանշման հարցման եղանակով։ Ըստ «Գնումների մասին» օրենքի՝ գնանշման հարցումն այն ընթացակարգն է, երբ պատվիրատուն՝ տվյալ դեպքում Շիրակի մարզպետարանը, երկու կամ ավելի անձանց (ընկերությունների) հարցում է ուղարկում, ներկայացնում պահանջներն ու ակնկալում ստանալ գնառաջարկ։ Ստանալով տարբեր ընկերությունների գնառաջարկներ, պատվիրատուն հաղթող է ճանաչում առավել ցածր գին առաջարկած ընկերությանը։ Տվյալ գնման դեպքում Շիրակի մարզպետարանը գնանշման հարցում է ուղարկել 8 ընկերության՝ ներառյալ «Շինկարկաս»-ին։ Դրան պատասխանել են 7-ը. «Շինկարկաս»-ն առաջարկել է դպրոցի տանիքի վերանորոգումն իրականացնել նվազագույն գնով՝ 67 միլիոն 80 հազար դրամով։ Նրանից 12 հազար դրամ ավել էր առաջարկել «Անդրեաս և ընկերներ» ՓԲԸ-ն, ինչի արդյունքում էլ մրցույթում հաղթել է «Շինկարկաս»-ը։