Search
Close this search box.

ՔԿ-ն` հրդեհից տուժած զինվորի տված աղմկահարույց հարցազրույցի մասին

ՀՀ քննչական կոմիտեն չի մեկնաբանում, թե Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհից հետո որտեղ են հայտնաբերվել մահացած 15 զինվորներից 14-ի մարմինները։

«Այդ ամենը նախաքննական գաղտնիք պարունակող տվյալներ են։ Սրանք հանգամանքներ են, որոնք այս պահի դրությամբ քննության առարկա են և ամենաառանցքայինն են։ Այս պահին չեմ շտապի այդ մասին տեղեկություն փոխանցել։ Քննությունը կկատարվի և որոշակի փուլում, երբ հանգամանքներ կպարզվեն, այդ ժամանակ ՔԿ–ն պարզաբանումներ կտա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրա խոսքով` փորձաքննություններ են նշանակված զինծառայողների մահվան հանգամանքների մասով, և, առհասարակ, բոլոր հանգամանքները փորձաքննության առարկա են դառնում։

Նշենք, որ հունվարի 20-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության գնդապետ Արսեն Սարոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ հրդեհի հետևանքով մահացած զինծառայողները հայտնաբերվել են մահճակալներին պառկած վիճակում։

Լրատվականը դրանից հետո դիմել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն` տուժած զինծառայողների հետ հարցազրույց անելու համար, սակայն կենտրոնից մերժել էին` ասելով, որ ոչ ոքի չի թույլատրվում մուտք գործել տուժած զինծառայողների մոտ։

Համացանցում, սակայն, երեկվանից լայն տարածում է ստացել Factor.am–ի հարցազրույցը տուժած զինծառայողներից մեկի հետ։ Մեր տեղեկություններով` լրագրողը կենտրոն մուտք է գործել նույն շենքում գտնվող «Մեդլայն կլինիկ» ԲԿ–ի մուտքով։

Հարցազրույցում զինծառայողը հերքում է գնդապետ Սարոյանի հայտնած ըստ էության պաշտոնական տեղեկությունը։

Նա պատմում է, որ քնած է եղել ու ձայներից է արթնացել։ Ողջ ընթացքում, երբ փորձել են փրկվել, բոլորը վազել են ու չի հիշում, որ այդ պահին որևէ մեկին պառկած տեսած լինի։

Հավելենք, որ Այրվածքաբանության ազգային կենտրոնում է գտնվում է 3 զինծառայող։ Նրանցից 1-ը սպան է, որը, ըստ պաշտոնական վարկածի, 5–լիտրանոց տարայով բենզինը լցրել է վառարանի մեջ, ինչից էլ կացարանում հրդեհ է բռնկվել։

Please enter a valid URL