ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կասեցնել, քանի որ տնտեսվարողը մարմնի արձանագրած խախտումները չի վերացրել։
News.am-ի հետ զրույցում տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը հայտնեց, որ 2022-ի հոկտեմբերին տեսչական մարմնից այցելել են տոնավաճառ և 17 խախտումներ արձանագրել. բոլորը վերաբերում են հրդեհային անվտանգությանը։ 1 ամիս հետո կրկին այցելել ու արձանագրել են, որ որոշ խախտումներ վերացված են, սակայն հայտարարել են, որ փետրվարի 1-ից հետո տոնավաճառը չպետք է գործի։
«5 խախտումներ չեն վերացվել, սակայն դրանք բոլոր տեղերում կան։ Կան խախտումներ, որոնք վերացնելն անհնար է, օրինակ, 8 մետր հեռավորության վրա պետք է լինեն շինությունները։ Այդ որոշումը 2015-ին է ընդունվել, իսկ տոնավաճառը 1999-ին է հիմնվել։ Հիմա վերջերս ինձ կանչեցին ու ասացին` վտանգավոր է տոնավաճառը։ Ես ոչ մի վտանգավորությւոն չեմ տեսնում` շատ տարիներ առաջ մեծ հրդեհ ենք ունեցել տարածքում, բայց ոչ մի քաղաքացի վնաս չի կրել»,–ասում է Ավետիսյանը։
Նա հավելում է` եթե վտանգ կա թեկուզ մեկ աշխատակցի մատը քերծվելու, ապա ինքը կողմ է, որ տոնավաճառը փակվի, սակայն հարցն այն է, որ իրենցից պահանջում են մի բան, որն ուրիշ այլ կառույցներում էլ չկա։ Խոսքը, մասնավորապես, ծխի հեռացման համակարգի մասին է։ Տնօրենը հայտնեց, որ տոնավաճառում այս պահին 550 տաղավար է աշխատում, և իր համար անակնկալ է այս որոշումը` դեռ չի մտածել, թե ինչ է լինելու հետո։
Տոնավաճառի առևտրականները զայրացած են, քանի որ իրենց ոչ այլընտրանք են առաջարկել, ոչ էլ ժամանակ են տալիս խնդիրները վերացնելու համար։ Տեղի աշխատակիցներից մի կին հայտնեց, որ 30 տարի է, ինչ աշխատում է տոնավաճառում.«Առավոտյան լսել ենք, որ տոնավաճառը փակվելու է և հանկարծակի ենք եկել։ Էսպես չեն անում` 30 տարվա աշխատող մարդու մեկ օրում հանկարծակիի բերել չի կարելի։ Մեզ ոչ մի այլընտրանք չեն առաջարկել, իսկ մենք տարիքն առած ենք, այս տարիքում ինչ եմ անելու։ Բացի այդ, էսքան ապրանքն ի՞նչ եմ անելու»։
Մեկ այլ աշխատակից էլ իր հերթին նշեց, որ բոլորը վարկեր ունեն, և հարյուրավոր մարդիկ հիմա չգիտեն` ինչ են անելու։ Նրա խոսքով` եթե անգամ հակահրդեհային մի քանի կանոն չի պահպանվել, ապա կրկին պետք է ժամանակ տան, որպեսզի խնդիրները լուծվեն.«Միլիոնների վարկ եմ վերցրել, ապրանք եմ գնել` հիմա դա շալակեմ՝ ո՞ւր գնամ։ Ինչքան էլ իշխանությունը մտածում է մեր կյանքի մասին, թփող մտածի նաև 550 մարդու աշխատանքի մասին»։
Առևտրականները հույս ունեն, որ իշխանությունն ընդառաջ կգնա իրենց ցանկությանը և հապճեպ որոշումներ չի ընդունի։
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կոմպրոմիս պետք է չլինի. որտեղ համապատասխան հակահրդեհային կանոնները չեն պահպանվում, պետք է գնալ և փակել։