Search
Close this search box.

Ռուսաստան․ առջեւում եռակողմի նմանությամբ կապիտուլյացիոն ակտն է

ՌԴ ԱԳ նախարար Լավրովը գանգատվել է, որ Արեւմուտքը թույլ չի տալիս Ուկրաինային բանակցություններ սկսել, քանի որ գտնում է, որ Ուկրաինան պետք է շարունակի պատերազմը, վերադարձնի տարածքները եւ բանակցություններ սկսի ուժեղի դիրքերից, Ռուսաստանին վերադարձնելով 1991-ի սահմաններին։

Կրեմլի խեղկատակը՝ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի Ռամշտայն բազայում հանդիպման արդյունքները վկայում են, որ Արեւմուտքը դեռ երկար է զենք մատակարարելու Ուկրաինային՝ Ռուսաստանին հյուծելու, իսկ ավելի լավ է՝ ոչնչացնելու համար։ Նրանք զենք շատ ունեն, եթե պետք լինի՝ նորը կարտադրեն։ Այդ պատճառով, պատրանքներ չպետք է լինեն, դժվար է լինելու»։

Ռամշտայն բազայում Ուկրաինային աջակցող երկրների ներկայացուցիչների վերջին հանդիպումը շրջադարձային է։ Ուկրաինան ստանալու է ՀՕՊ նորագույն համակարգեր, հեռահար հրթիռներ, հարձակողական ծանր տեխնիկա, մասնավորապես գերմանական ու ամերիկյան տանկեր, արեւմտյան ռազմական ավիացիա։ Արեւմուտքում իսկապես հանգել են այն մտքին, որ իրական խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհը ոչ թե Ռուսաստանի հետ բանակցություններն են, այլ Ուկրաինայի ռազմական հաղթանակը մարտի դաշտում։

Ռամշտայնին զուգահեռ, ռուսական համացանցում, այդ թվում հատուկ ծառայությունների հետ կապված ալիքներում քննարկումներ են սկսել ՌԴ-ին առաջարկված ինչ որ պլանի մասին, ըստ որի՝ ՌԴ-ն պետք է վերադառնա 1991-ի սահմաններին։ Լավրովի վերոհիշյալ հայտարարությունը հաստատում է այս արտահոսքը։ Ռամշտայնից հետո արեւմտյան առաջատար զենքի մատակարարումների վերաբերյալ հայտարարությունները, ինչպես Մեդվեդեւն է ասում, պատրանքներ չպետք է թողնեն Ռուսաստանում։ Ընդ որում, 1991-ի սահմաններն այն լավագույնն են, որ կարող են առաջարկվել Ռուսաստանին, նկատի առնելով ՌԴ ներկայիս ներքին համընդհանուր՝ պետական-քաղաքական, իրավական, սոցիալ-տնտեսական, արժեքային, ժողովրդագրական խորացող դեգրադացիան ու մարգինալացումը։

Ուկրաինայի պատերազմը Հայաստանի դեմ Ռուսաստանի 2020-ից մեկնարկած արշավի շարունակությունն էր։ Ռուսաստանը չափազանց թանկ է վճարել եւ դեռ վճարելու է Հայաստանի դեմ արշավի համար։ Քիչ ինչ պատկերավոր ասած՝ Հայաստանի դեմ արածը Ուկրաինայում Ռուսաստանի առաջն է գալիս եւ դեռ գալու է, այդ թվում 1991-ը՝ Հայաստանին դեմ տրված իրենց խամաճիկ Նիկոլի միջոցով։ Առջեւում է եռակողմի նման մի կապիտուլյացիոն ակտ։ Իսկ թե ինչ է սպասում Ռուսաստանից ածանցյալ Հայաստանին՝ դժվար չէ ենթադրել։

Lragir.am

Please enter a valid URL