Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհից զոհված Արամին երկինքը տարավ ․«Էրեխեքի կյանք ենք կորցնում , ազգովի ազգ ենք կորցնում, ծնողներն են ծերանում ջահել-ջահել»

Արամ Մանուկյանը 28 օրից ավարտելու էր ծառայությունն ու վերադառնար Վանաձոր՝ երազանքների ետևից։ Դրա փոխարեն, բակում, որտեղ մեծացել էր Արամը, մի սև ժապավեն էին կախել։

«Փորձանք ա ազգի գլխին, պատիժ… Սերունդը կործանվում ա… 2000 թվից մինչև էսօր էդ սերունդը կորավ։ Քիչ էինք, հըմի վաբշի քչացանք», — ասում է Արամին վերջին հրաժեշտ տալու եկած վանաձորցիներից մեկը։

«Ազգ ենք կորցնում, ազգովի ազգ ենք կորցնում։ Գյուղի երիտասարդություն ենք կորցնում, պակասում ա ազգը քանի գնում ա, կյանք ենք կորցնում էրեխեքի։ Ծնողներն են ծերանում ջահել-ջահել…», — հավելում է մյուսը։

Այսօր 20-ամյա զինվորին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցուց հրաժեշտ տվեցին։ Արամին ճանաչող ու չճանաչող մարդիկ խեղդող լռության մեջ ասում էին՝ պապանձվել ենք, խոսել չենք կարող։ Ոչ ոք չէր քննարկում՝ ո՞ւմ մեղքով տեղի ունեցավ դժբախտ դեպքը կամ որո՞նք են հնարավոր վարկածները։ Հայաստանն էլի մեծ կորուստ ունեցավ, զինվորներ կորցրեց. սա էր այսօրվա գլխավոր ասելիքը։

«Սաղս էլ զինվորի տեր ենք՝ զինվորի հեր ենք, զինվորի պապ ենք, թոռս էլ էսօր ծառայում։ Մեր ձեռից ի՞նչ ա գալի»։

«Պտի մտածեն սրա մասին, չի կարելի սենց թողել։ Ես էլ մասնակից պատերազմի էրկու-իրեք տեղից վիրավոր եմ, ոտս կտրված… ցավում եմ էս էրեխեքի համար… Մեր ղեկավարությունը պտի սենց չվարվի։ Բանակի հետ իհարկե սենց չվարվի»։

Արամի դասվարը՝ Շուշան Մայիլյանն ասում է՝ միայն դրական բառերով կարելի է նկարագրել տղային, որ դպրոցին ու ուսուցիչներին հիշում էր անգամ ծառայության ժամանակ։ Ամեն արձակուրդի պարտադիր այցի էր գալիս. — «Ուրախ, պատրաստակամ, ընկերասեր, դասարանում սիրված, հարգված, հարեհաս… Շատ բան կորցրեց մեր ժողովուրդը։ Այո, մի հերոս, որ կարող էր դեռ ապրել, կարող էր դեռ շատ լավ գործեր կատարել։ Կորուստը շատ մեծ է»։

Համացանցում վերջին օրերին Արամի՝ դեռ ամիսներ առաջ արած գրառումն է պտտվում։ -«Վաղը այդպես էլ կարող է չլինել, կամ էլ կարող է կեսգիշերին գալ ու տագնապալի ձայների տակ կանգնել կոկորդիդ։ Դե, մենք էլի ժպտալու ենք, էլի մոռանալու ենք կարևորի մասին, էլի մենք ապրելու ենք այնպես, կարծես թե վաղը միշտ մեր գրպանում է ու երբ ուզենանք, բարի լույսը դուրս կբերենք ծալված մասերից, մենք էլի կապրենք», — գրել էր 20-ամյա զինվորն ու մարդկանց կոչ արել լիարժեք ապրել ամեն օրը, գնալ տեսնելու նրանց, ում վաղուց որոշել, բայց միշտ սպասում ենք վաղվան։

44-օրյա պատերազմից հետո Արամ Մանուկյանը վանաձորցի 64-րդն զինվորն էր, որի աճյունն ամփոփվեց քաղաքի զինվորական պանթեոնում։ Բակի ընկերներներ էին եկել գերեզմանը պատրաստելու, հարմարեցնելու զինվորի աճյունի համար։ Պատանիներ էին, որ դեռ բանակում չէին ծառայել։ Որը դեռ մեկ տարի, մյուսը՝ կես տարի կամ մի քանի օր ուներ ծառայության մեկնարկից։ Սիրտ չունեին խոսելու, բայց ջահելներից մեկը ցույց էր տալիս Արամի ճամփեզրին կպած գերեզմանն ու թե՝ շարքն ավարտվեց, պանթեոնում է՛լ տեղ չկա, տղերք, պինդ կացեք…

Հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում մահացած զինվորներից մեկն էլ Ռոստոմ Ասրյանն էր՝ Լոռու մարզի Հոբարձի գյուղից։ Նրա աճյունը հողին են հանձնել երեկ՝ հարազատ գյուղում։

Please enter a valid URL