Search
Close this search box.

3 անցակետ Բերձորի միջանցքին, ֆիլտրացիոն գոտի․ «արցախցիները պետք է դիմանան»

Ուկրաինայի պատկան մարմինները միջազգային ատյաններում բարձրացրել են հազարավոր քաղաքացիների հարցը, որոնք հայտնվել են ռուսական գերության մեջ։ Խոսքը օկուպացված տարածքների բնակիչների մասին է, ովքեր չեն անցել ռուսական օկուպացիոն ռեժիմի ֆիլտրացիան։ Այսինքն, այն անձանց, որոնք համարվել են ոչ լոյալ օկուպացիոն ռեժիմի հանդեպ, ձերբակալել եւ տարել են ՌԴ, նրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան։

Ուկրաինայում պատերազմը Կրեմլի կողմից կիրառվող մեթոդների եւ քարոզչության «ցուցադրական օրինակ» է հայերի համար՝ օկուպացիա, խաղաղ բնակչության սպանություններ, տեղահանություն, ռեպրեսիաներ եւ այլն։ Դա պատահական չէ՝ Ուկրաինայում պատերազմը Հայաստանի դեմ 2020-ի սեպտեմբերից շարունակվող ռազմական ահաբեկչական արշավի եւ հայկական տարածքների օկուպացիայի ՌԴ քաղաքականության շարունակությունն է։ Ուկրաինայում ՌԴ-ն գործում է իր դեմքով, ուղիղ, Հայաստանի դեմ՝ թուրքերի ու հայաստանյան խամաճիկ իշխող եւ նրա հենակ ընդդիմադիր խմբերի ձեռքով։ Թեեւ, անցյալ տարվա օգոստոսին Բերձորի միջանցքի ռեժիմի փոփոխությունից ու սեպտեմբերին ռազմական ագրեսիայից հետո Ռուսաստանը Հայաստանի դեմ արդեն գործում է ուղիղ, եւ դա անխուսափելի էր։

Բերձորի միջանցքին ներկայիս իրադարձությունները Հայաստանի պետականության վերացման ռուսական պլանի ավարտական փուլի մեկնարկն են։ Արցախը ՀՀ մնացած տարածքից կտրելու նպատակով միջանցքի արտատարածքային կարգավիճակը լուծարվում է, արդեն տեղադրվել են 3 անցակետեր, որոնք վերահսկելու են տրանսպորտային բոլոր միջոցների տեղաշարժը, ստուգելու են ուղեւորներին ու բեռները, ձերբակալվելու են Մոսկվայի ու Բաքվի տեսակետից վտանգավոր անձինք։ Արգելվելու է միջազգային կազմակերպությունների մուտքը Արցախ առանց Բաքվի պաշտոնական թույլտվության, համաձայնեցված օրակարգով եւ ուղեկցության (մանրամասն՝ այստեղ)։

Միջանցքն ըստ էության վերածվում է ֆիլտրացիոն գոտու։ Միջանցքը «բացելու» համար Բաքուն Մոսկվայի առաջնորդությամբ պայմաններ է դրել, որոնք հանգում են ոչ միայն միջանցքը, այլեւ Արցախը Բաքվի լիակատար իրավասությանը հանձնելուն՝ Արցախի զինաթափում, բնակչության ենթարկում՝ ովքեր չեն ընդունի «Ադրբեջանի» քաղաքացիությունը, կարող են հեռանալ, սեւ ցուցակներում ընդգրկվածների հանձնում Բաքվին, եւ այլն։ ՌԴ ԱԳՆ հաստատել է այդ պայմաններով «միջանցքը հնարավորինս շուտ բացելու» փաստը։ Դա նշանակում է, որ ֆիլտրացիոն գոտու մեխանիզմը կիրառվելու է ոչ միայն միջանցքին։

1980-ականնեի վերջին-1990-ականների սկզբին ռուսական օկուպացիոն ուժերը Արցախում եւ ՀՀ այլ շրջաններում «անձնագրային ռեժիմի ստուգման» եւ զենք գտնելու պատրվակով մտնում էին բնակավայրեր, շուրջկալներ անում, ձերբակալում մարդկանց ու հանձնում Բաքվին։ Դրանք այսպես ասած պրոֆիլակտիկ շուրջկալներ չէին, ռուս զինվորականների ձեռքին կային ցուցակներ։ Արցախի այն ժամանակվա տեղական վարչակազմը հեռացվել էր գործերից, Բաքվի էմիսարները գործում էին Պոլյանիչկո-Սաֆոնով ռուսական բարձր հովանու եւ աջակցության ներքո։ Այս տականքներից առաջինին ավելի ուշ, արդեն ՌԴ փոխվարչապետի պաշտոնին, գտավ վրիժառուի դիպուկ գնդակը, իսկ երկրորդը Դոնի Ռոստովում խուսափեց դրանից, պատսպարվելով իր տեղակալի մարմնով։

Միջանցքի՝ «կյանքի ճանապարհ եւ հումանիտար աղետ» թեմայով կոնսենսուսի մեջ գտնվող երեւանյան քաղդասը զուր է կարծում, թե դրանով ամեն ինչ ավարտվելու է։ Այս մեխանիզմը կիրառվելու է ՀՀ այլ շրջաններում՝ Խոզնավարից մինչեւ Տավուշ, Երեւան եւ Գյումրի, ռուսական զորքի տեղակայման վայրերում։ Ռուսական զորքը պատահական տեղերում չի տեղակայված, պատահական չէ նաեւ, որ հենց այդ վայրերում են տեղի ունենում Բաքվի ներխուժումները։ Ռուսական զորքի ներկայությունն այս ծրագրերի իրագործման երաշխիքն է։

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե «արցախցիները պետք է դիմանան», քանի որ միջազգային հանրության մոտ գալիս է խնդիրների եւ ՀՀ իշխանության դիրքորոշման ու ջանքերի ընկալումը։ Դժվար չէ ենթադրել, թե ինչ նկատի ունի Փաշինյանը՝ ՀՀ իշխանության ու նրա հենակ «ընդդիմության» ներքին կոնսենսուսով՝ քաղաքական խնդիրները «հումանիտարով», ավելի ճիշտ՝ կենցաղայինով նենգափոխելու, միջազգային ատյաններում ընթացող քննարկումներում եւ ընդունված փաստաթղթերում ռուսների համար մանդատ մուրալու եւ նոյեմբերի 9-ի թղթի՝ հայերից տարածքային զիջումներ պահանջող կետերի լեգիտիմացման ջանքերն են՝ լռության մատնելով հայերի քաղաքական իրավունքներին առնչվող կետերը։ Ըստ այդմ՝ Փաշինյանի ասիմետրիկ տրամաբանությամբ՝ արցախցիները «պետք է դիմանան», մինչեւ կարգավիճակի ու ազգային տարածքի պահանջի լիակատար չեզոքացումը իր համաձայնությամբ ու ջանքերով։

Արցախցիները պետք է դիմանան, ու դիմանալու են ոչ այդ նպատակով։ Ռուսներին ոչ ոք մանդատ չի տալու, ՀՀ իշխանություններին էլ ոչ ոք չի հարցնելու։ Իրավիճակի ու հեռանկարի հստակ ընկալումը հուշում է համարժեք քայլերը, որոնք լեգիտիմ են լինելու իրենց բոլոր դրսեւորումներում։

Lragir.am

Please enter a valid URL