«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում գտնվող կացարանում 15 զինծառայողի մահվան գործով ՀՀ քննչական կոմիտեն Պաշտպանության նախարարությունից կոնկրետ փաստաթղթեր է առգրավել:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն վերցրել է այն հրամանը, որտեղ նշված է եղել զինծառայողների՝ կացարաններում հակահրդեհային անվտանգության կանոնները պահպանելու մասին:
Հիմա ՔԿ-ն շղթայով գնում է առաջ՝ հասկանալու համար՝ եթե Պաշտպանության նախարարությունը համապատասխան հրահանգ է տվել, որից հետո զորամասի շտաբի պետը ՊՆ-ի համապատասխան հրահանգի մասին տեղյակ է պահել զորամասի ղեկավար կազմին, որպեսզի ապահովվեն հակահրդեհային կանոնները, ապա ովքե՞ր չեն կատարել համապատասխան հրահանգը: Նկատենք՝ դեպքից անցել է 4 օր, սակայն մինչ օրս դեռեւս գործով մեղադրյալ չկա, միայն հարցաքննվածներ են։
Հիշեցնենք, որ 2023թ. hունվարի 19-ին՝ ժամը 01։30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի, դրա հետեւանքով նույն վաշտի 15 զինծառայողների մահվան, մի քանի զինծառայողների՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քաղհասարակությունը, ընդդիմությունը չեն հավատում իշխանության առաջադրած վարկածին, հատկապես՝ դեպքի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի տպավորիչ շարադրանքից հետո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում