Եթե լինեին իրական, լուրջ ճնշումներ, ապա առնվազն դա շատ ծանր ազդեցություն կունենար իշխանությունների վրա։ Եթե ուժեղ ճնշում լիներ, ապա ոչ միայն Պապիկյանը, այլեւ Փաշինյանը գոնե կհայտարարեին հրաժարական տալու պատրաստակամության մասին։ Այլ հարց է՝ կընդունեի՞ն նրանց հրաժարականը, թե՞ ոչ, բայց նման քաղաքական ժեստեր կլինեին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Նա չի կարծում, որ իսկապես լուրջ ճնշում կա իշխանությունների վրա։
«Ցավոք, ամեն ինչ աղմուկից եւ խոհանոցային խոսակցություններից այն կողմ չի անցնում, բայց աղմուկը պետք է շատ ավելի բարձր լիներ: Իշխանությունները պետք է վարկած առաջ քաշեին՝ լրատվական եթերը որեւէ տեղեկատվությամբ լցնելու համար։ Ընդ որում, վարկածը պետք է հեռու լիներ քաղաքական թեմայից։ Քանի որ հնարավոր չէր ամեն ինչ բարդել «նախկինների» վրա, ուստի պետք էր կենցաղային վարկած առաջ քաշել»,- հավելեց Հակոբյանը։
Նա նկատեց, որ իշխանությունները հավատարիմ են մնում իրենց ոճին՝ փորձելով մեղադրել որեւէ մեկին, բացի իրենցից։
«Հիմա նրանք նոր մեղավոր են գտել՝ ԴՆԹ-ն: Մինչ այդ մեղավոր էին բանակը, աշխարհաքաղաքական կենտրոնները, նախկինները, մեր ուղեղները։ Իշխանությունները հաճախ հայտարարություններ են անում, որոնք ուղղված են սեփական ընտրազանգվածի դեմ՝ փորձելով կերակրել նրանց հերթական ստով եւ շեղել ուշադրությունը իրական օրակարգից, օրինակ՝ բանակում նման իրավիճակի պատճառներից»,- ընդգծեց փորձագետը։
Իշխանություններն ուշադրություն չեն դարձնում հասարակական կարծիքին, եւ գլխավոր խնդիրը, նրա գնահատմամբ, այն է, որ շատ մեծ թվով մարդիկ Հայաստանը վերածել են վիրտուալ երկրի, եւ դա խոսում է այն մասին, որ ոչ միայն երկիրը կայացած չէ, այլեւ հասարակությունը։
«Վերջինս բաղկացած է տարբեր հատվածներից, որոնք հետապնդում են իրենց խմբային շահերը։ Հասարակությունը Հայաստանում, ինչպես նաեւ Սփյուռքում, չունի միասնական ազգային գաղափար, որի շուրջը կհամախմբվեր ողջ հայությունը։ Մինչեւ 2018 թվականը նման գաղափարներ էին Արցախի հարցը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։ Դիմադրության շարժման ժամանակ դա ակնհայտ դարձավ, եւ ընդդիմության սխալն այն էր, որ չփորձեց ընդլայնել սոցիալական բազան՝ ազդարարելով թեմաներ, որոնք կհետաքրքրեին տարբեր հատվածներին, այլ ոչ միայն անվտանգության խնդիրը»,- եզրափակեց Հակոբյանը։