Search
Close this search box.

«Եթե ինձ ծափ չտային, ես այդքան չէի հուզվի, այդքան չէի վախենա հանդիսատեսից». այսօր Կարպ Խաչվանքյանի ծննդյան 100-ամյակն է

«…Ասում են՝ ծիծաղը, խինդը, ուրախությունը «փոր չեն կշտացնում», բայց ինչի՞ կնմանվեր կյանքը, մարդը՝ առանց դրանց: Ո՛չ, անպտուղ չի մեր գործը: Մենք խինդ ենք պարգևում մարդկանց, որ հացից պակաս կարևոր չէ և հագեցնում է նրա հոգու քաղցը, բարձրացնում է տրամադրությունը, ազնվացնում աշխարհին, մերձավորին ուղղված նրա հայացքը …
Խորին համոզմունքս է, որ մարդուն մարդ դարձնելու պայքարում չկա ավելի զորեղ և միաժամանակ ավելի գրավիչ, հաճելի զենք, քան ծիծաղը». Կարպ Խաչվանքյան

Ծնվել է Վրաստանի Ախալցխա քաղաքում: 1928թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս: 1941-44թթ սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում: Բեմական գործունեությունն սկսել է Վրաստանի «Վրացֆիլմ» կինոդերասանական ստուդիայում, որտեղ 1939-44թթ կերտել է 11 կերպար: 1944թ. տեղափոխվել է Երևան և շարունակել դերասանական գործունեությունն Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: 1984-88թթ եղել է նաև թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Հումորի, ռիթմի նուրբ զգացողության, շեշտված անհատականության, հախուռն տեմպերամենտի, երաժշտականության շնորհիվ նույն հաջողությամբ անձնավորել է կատակերգական և երաժշտական մի շարք կերպարներ: Խաղացած ներկայացումներից են` Ի.Կալմանի «Սիլվա» (Բոնի), «Կրկեսի իշխանուհին» (Տոնի), «Բայադերա» (Նապոլեոն), Լ.դե Վեգայի «Պարերի ուսուցիչը» (Ալդեմարո), «Մարիցա» (Պենիժեկ), Յ.Շտրաուսի «Գնչուների բարոն» (Ստեֆան), Բ.Շոուի «Իմ չքնաղ լեդի» (Հիգինս), Ի.Դունաևսկու «Ազատաշունչ հողմը» (Ֆիլիպ), «Ծաղրածուի որդին» (Իվան), «Տրեմբիտա» (Սուսիկ), Ն.Զարյանի «Աղբյուրի մոտ» (Գուրգեն), Ե.Չարենցի «Կապկազ թամաշա» (Ղարա), Ա.Այվազյանի «Սեր աստղերի տակ» (Սոկրատ), Կ.Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ» (Տոնիո և Զանետտո), Մոլիերի «Սկապենի արարքները» (Սկապեն), Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Թոդորոս), Վ.Վասերմանի, Լ.Միտչի «Լամանչեցի մարդը» (Դոն Կիխոտ), Ժ.Անանյանի «Տաքսի, տաքսի» (Կնյազ), Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (Նիկո), Վ.Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» (Պետրուչիո), Բ.Բրեխտի «Երեքգրոշանոց օպերան» (Մակ Հիտ), Ա.Պապայանի «Մեծ հարսանիք» (Սուրեն) և այլն:

Խաղացել է դասական գրեթե բոլոր օպերետներում, սակայն առանձնակի վերաբերմունք է ունեցել հայկական օպերետների և երաժշտական կոմեդիաների հանդեպ: 1949թ-ից նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում, ապա` հեռուստաթատրոնում: Ֆիլմերից են` «Արարատյան դաշտի աղջիկը» (1949թ.), «Պատվի համար» (1956թ.), «Ճանապարհ դեպի կրկես» (1963թ.), «Ատամնաբույժն արևելյան» (1981թ.) և այլն: Նրա խաղացած ավելի քան 100 դերերը միշտ ծիծաղ են պարգևել հանդիսատեսին: Թատրոնում բեմադրել է 13 պիես` Ֆ.Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի.Կալմանի «Սիլվա», Ա.Այվազյանի «Սեր աստղերի տակ», Է.Ռյազանովի, Է.Բրագինսկու «Բաղնիքդ անուշ» և այլն: 1957թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 1998թ.` ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Մահացել է Երևանում:

«Եթե ինձ ծափ չտային, ես այդքան չէի հուզվի, այդքան չէի վախենա հանդիսատեսից: Չեմ խուսափում «վախենալ» բառից: Երբ ծափահարում են, նշանակում է քեզ վստահում են, քեզանից պահանջում են հատուկ որակ, հատուկ արվեստի աստիճան, որը պետք է բավարարի: Դու իրավունք չունես անել այնպես, որ դա հանդիսատեսի դուրը չգա»,- ասել է Խաչվանքյանը:

Please enter a valid URL