«Հրդեհված զորամասից իր հարցազրուցով հայտնի դարձած դասակի հրամանատարի վերաբերյալ կանխատեսել էինք, որ իշխանական քարոզչամեքենան պիտի կեղտոտ հարձակում սկսի: Բնականաբար կանխատեսել էինք նաև, որ դա անելու են իրենց ունեցած ամենակեղտոտ վարձկան լրատվամիջոցով:
Մեր կանխատեսումներն իրականացան: Նախ այդ վարձկանները փորձեցին դասակի հրամանատարին մեղսագրել ամենաէժան մեղադրանքները, որից հետո հարցազրույցի տեսանյութից վերցրեցին մի կտոր, որտեղ դասակի հրամանատարը խիստ հուզված է, հազիվ է զսպում ծայրահեղ էմոցիան և էժանագին մոնտաժով դա փորձեցին ներկայացնել հակառակ կողմից: Ի դեպ, դասակի հրամանատարի նկատմամբ ստորությունները ոչ միայն քարոզչական դաշտում են կատարում: Բայց դրա մասին հերթով և ճիշտ ժամանակին:
Իշխանության բոլոր վարձկաններին նախազգուշացնում եմ. ես հանդիսանում եմ դասակի հրամանատարի փաստաբանը և ցանկացած արարք, որը կվնասի կամ կարող է վնասել վստահորդիս՝ ստանալու է համարժեք, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի ծանր պատասխաններ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել հրդեհված կացարանի դասակի հրամանատարի փաստաբան Արսեն Բաբայանը:
Аuroranews.am-ը կապ հաստատեց Արսեն Բաբայանի հետ` հասկանալու հարցաքննվե՞լ է արդյոք դասակի հրամանատարը, արդյո՞ք վերջինիս առաջադրվել է մեղադրենք, թե ոչ:
«Դասակի հրամանատարը հարցաքննվել է առաջին իսկ օրը: Նրան որևէ մեղադրանք չի ներկայացվել, առավել ևս՝ չի ձերբակալվել»,- ասաց Բաբայանը:
Փաստաբանը նշեց, որ գրառումը վերաբերում է դասակի հրամանատարի հայտնի հարցազրույցի տեսանյութից վերցված այն կտորին, որտեղ նրա դեմքին ժպիտ է երևում և փորձում են զինվորականին ներկայացնել հակառակ կողմից:
Հավելեք, որ խոսքը ստորև տեղադրված կադրի մասին է, որում երևում է դասակի հրամանատարի ժպիտը, իսկ փաստաբանը նշում է, որ սա էժան քարոզչություն էր, որով փորձում են «սևացնել» դասակի հրամանատարին:
Ինչպես արդեն հայտնել էինք` դեպքի օրը լրագրողներին տված հարցազրույցում դասակի հրամանատարն անդրադարձել էր դեպքի պատասխանատուներին և նշել, որ բանակի թուլացումը գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ: «Սրանից հետո ինձ ինչ ուզում է՝ թող անեն, ինձ չի հետաքրքրում, ծնողներին պատասխան, որ չես կարողանում տալ, դրանից վատ բան չկա: Պետք է քննությունը մինչեւ վերջ տարվի, մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Այս բարդակի պատասխանուն բոլորս ենք, այդ թվում՝ դուք, ես՝ որպես սպա և այլն»,- մասնավորապես ասել էր զինվորականը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ: