Search
Close this search box.

Ադրբեջանը պահանջել է պատժել թենիսիստ Կարեն Խաչանովին՝ Արցախին աջակցելու համար

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան (ATF) բողոք է հղել Թենիսի միջազգային ֆեդերացիային (ITF)՝ պահանջելով պատժել ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովին, որն Ավստրալիայի բաց առաջնությունում հանդիպումներից հետո հրապարակավ աջակցություն էր հայտնել Բաքվի կողմից ավելի քան մեկ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախին։

Ինչպես հիշեցնում է rsport.ria.ru-ն, հայկական արմատներ ունեցող Խաչանովը չորրորդ տուրում ճապոնացի Յոսիհիտո Նիշիոկային (6:0, 6:0, 7:6 (7:4)) հաղթելուց հետո հեռուստատեսային տեսախցիկի էկրանին գրություն էր թողել.«Շարունակիր հավատալ մինչև վերջ, Արցա՛խ, ամո՛ւր մնա»:

Նաև մարզիկն Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջանում ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին հաղթելուց հետո տեսախցիկի վրա հաղորդագրություն էր թողել՝ «Արցա՛խ, դիմացի՛ր»։

Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դատապարտել է տեղի ունեցածը և Խաչանովի գործողությունները համարել «անընդունելի սադրանք՝ ուղղված Ադրբեջանի դեմ»։

«Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան դատապարտում է այս միջադեպը և նման իրավիճակի կրկնությունից խուսափելու համար խնդրում է պատժել թենիսիստին (Խաչանովին) և ավելի խիստ միջոցներ ձեռնարկել՝ հետագայում նման միջադեպերը կանխելու համար»,- ասվում է հայտարարությունում։

Դրանից հետո Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայի ղեկավար Օկտայ Ասադովը դիմել է նաև Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Շամիլ Տարպիշչևին՝ Խաչանովի նկատմամբ «կոշտ միջոցների» դիմելու խնդրանքով։ Ըստ Ադրբեջանի թենիսի ֆեդերացիայի՝ Տարպիշչևն ասել է, որ «լրջորեն մտահոգված է այս միջադեպով», և մոտ ապագայում «որոշակի միջոցներ» կձեռնարկվեն։

Խաչանովը 26 տարեկան է։ Նա Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի 20-րդ ռակետ, 2021 թվականի Դևիսի գավաթի սեփականատեր՝ Ռուսաստանի հավաքականի կազմում։

Please enter a valid URL