Եվրոպական խորհրդարանի բանաձեւը եւ ընդհանրապես Արեւմուտքի միջամտության առարկայական փորձերը Հայաստանում դեմքերի իմաստուն արտահայտությամբ որակում են որպես աշխարհքաղաքական խաղեր, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու փորձ եւ այլն։ Պատահական չէ, որ քպ-ական եւ նրա հենակ ընդդիմադիր խմբերը համառ լռություն են պահում Եվրոպական խորհրդարանի բանաձեւի կետերի մեծամասնության վերաբերյալ, որոնցում ընդգծվում են հայության իրավունքները՝ ազգային տարածք եւ միջազգայնորեն ճանաչված քաղաքական կարգավիճակ։
Փաշինյանը եւ քպ-ական բարձրաստիճան ֆունկցիոներները տրտնջում են, որ ԵԽ բանաձեւում «հակառուսական ձեւակերպումներ» կան, որոնք իբր ընթացիկ աշխարհքաղաքական կոնյունկտուրայի հետեւանք են։ Այսինքն՝ հայկական իրավունքների վերաբերյալ բանաձեւում առկա շեշտադրումները, այն է` քաղաքական կարգավիճակ, հայերի ազգային տարածք, Ռուսաստանի ապակառուցողական դեր, ընդամենը կոնյունկտուրային, անարժեք դրսեւորումներ են։
Իր հերթին, Բերձորի միջանցքը փակելուց հետո Կրեմլի հրահանգով տարածվում է քարոզչական մեկ այլ նարատիվ՝ «Ռուսաստանը թույլ է, մեծանում է կախումը Թուրքիայից, Բաքուն մեծացնում է ճնշումը եւ անցնում է կարմիր գծերը, ռուս խաղաղապահների մոտ այնքան էլ չի ստացվում իրենց գործառույթների կատարումը եւ, հետեւապես՝ Ղարաբաղում խնդիրները լուծվելու են Բաքվի պահանջների շրջանակում» եւ այլն։ Մոսկվայից հայկական մամուլի էջեր գործուղված «առաջատար փորձագետներն» ու նրանց գոզի հետքերը հոտոտող հայ քսու շնիկները այս հրահանգի շրջանակում քարոզում են իրավիճակի անելանելիություն, դատապարտվածություն, այլընտրանքի բացակայություն։ Արդեն շրջում են Ազատի դեպքը իբրեւ ճակատագրին հանդիմանալու համար հայերին իջած պատիժ որակումները, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացնում դեպքի ծագումնաբանության վերաբերյալ:
Սա նույնպես Եվրոպական խորհրդարանի բանաձեւին Մոսկվայի ու Երեւանի արձագանքն է։ Բանաձեւը ոչ միայն արձանագրել է Պուտին-Փաշինյան-Ալիեւ համաձայնությունների հանցավոր բնույթը, այլեւ այդ համաձայնությունները տապալելու մեխանիզմները, որոնք ոճրագործ եռյակը փորձում է չեզոքացնել։ Եռյակին, եւ հատկապես պաշտոնական Երեւանին այլեւս հարցնող չի լինելու։ Բանաձեւի ընդունումը միայն սկիզբն է։
Կամ Հայաստանը Փաշինյանի առաջնորդությամբ վերանում է պատմական ասպարեզից ռուս-թուրքական բարիշով ու միջազգային «չար կոնյունկտուրայով», կամ առողջ ուժերի համախմբմամբ ստանձնում է բանաձեւի մեջ առկա՝ հայկական իրավունքների հիմքով իրենց գործողություններին լեգիտիմություն հաղորդող դրույթների իրագործումը։
Ստեղծված պայմաններում, երբ զոհասեղանին ազգի հարատեւությունն է, իսկ ժողովրդի՝ հարյուր հազար մարդկանց ֆիզիկականը, ապա հայցվող լեգիտիմության սահմանները կարող են անհամեմատ ավելի լայն լինել, քան հարաբերական անդորրի պայմաններում է ընդունված: Պատմությունը կների իրավիճակին հարիր ցանկացած քայլեր: Դրանք էլ լեգիտիմ կճանաչվեն: Միջազգային հանրությունը համակ ուշադրություն է:
lragir.am