ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Արցախի շրջափակման հարցում Ադրբեջանի հիմնական սպասումները չեն արդարացել, դրանով պայմանավորված Ադրբեջանը կա՛մ տակտիկական փոփոխությունների կգնա, կա՛մ գործադրվող միջոցներն ավելի ինտենսիվ բնույթ կկրեն:
Այն քարոզչական, քաղաքական գործիքակազմը, որն Ադրբեջանը կիրառում էր Արցախի շրջափակման առաջին, երկրորդ տասնօրյակներում իրեն սպառել է, իսկ նորը դեռ խաղի մեջ չի մտցվել:
Մյուս կողմից սպառվել է այն ողջամիտ ժամկետը, որը Ադրբեջանին միջազգային ընկալման առումով մեծ շարժի հնարավորություն էր տալիս:
Ադրբեջանը քաղաքական բլից կրիգը ձախողել է, իսկ հիմա փորձում է իր իսկ առաջադրած խաղի կանոնները վերանայել:
Սա չի նշանակում, որ ամեն ինչ շուտով կավարտվի և կյանքն իր հուն կվերադառնա, սակայն արցախցիների դիմադրությունն ու պայքարը խառնել է ոչ միայն Ադրբեջանի, այլ միջազգային տարբեր դերակատարների խաղաքարտերը»:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից սկսած` ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ անջատում է Արցախի գազամատակարարումը
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։