Search
Close this search box.

Որոշել էինք մեր կյանքն իրար հետ կապել, ունենալ գեղեցիկ ընտանիք. Լիլիթ Կարապետյանը՝ Վազգեն Սարգսյանի հետ սիրավեպի մասին

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը «Tete A Tete» հաղորդման եթերում խոսել է 90-ականների իր համբավի, երգարվեստի, չհաջողված անձնական կյանքի, շոու բիզնեսում այսօր տիրող իրավիճակի և սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ իր հարաբերությունների մասին:

Տարիներ շարունակ խոսակցություններ են հնչել, որ կյանքի վերջին 2 տարում Վազգեն Սարգսյանը սիրավեպ է ունեցել երգչուհու հետ:

«Սպարապետն այսօր ֆիզիկապես մեզ հետ չէ, բայց ես շատ երջանիկ եմ, որ եղել եմ այն եզակի մարդը, ում նա իսկապես սիրել է. մենք իսկապես որոշել էինք մեր կյանքը կապել միմյանց հետ, ունենալ գեղեցիկ ընտանիք: Նա եզակի մարդ էր, որի որոշման վրա ոչ ոք չէր կարող ազդել կամ բան փոխել: Առհասարակ, շատ ուժեղ կին էր նրա մայրը՝ Գրետա մայրիկը, ազդեցիկ ու որոշիչ խոսք ունեցող, բայց այս թեմայի շուրջ սպարապետի կարծիքն ավելի վճռական էր: Երջանիկ եմ, որ եզակի մարդ եմ եղել»,- հաղորդման ժամանակ անկեղծացել է երգչուհին:

Նա հավելել է, որ Վազգեն Սարգսյանի հետ սիրավեպ ունեցել են 1,5-2 տարի, սակայն իրար ճանաչել են շատ ավելի վաղուց:

Ըստ երգչուհու՝ սպարապետն իրեն տեսել ու աչքի տակ է առել, հետաքրքրվել իր մասին, ու ակումբում երգելիս ինքը գրեթե ամեն օր տեսել է Վազգեն Սարգսյանին, այդ տարիներին չի էլ հասկացել, թե ինչ մեծության հետ է գործ ունեցել:

«Մի որոշ ժամանակ ինքը հետևեց, հետևեց, հետո հասկացավ, որ ես այն մարդն եմ, ում կարելի է ընտրել, նա միամիտ չէր, ամեն ինչ էլ հասկանում էր, մոտ կես տարի հետևել է ինձ, հետո առաջարկություն է արել, հետո շփվել ենք կրկին: Տարիքային մեծ տարբերություն կար՝ 16 տարի, հետևաբար ամեն ինչ հեշտ չէր որոշել»,- պատմել է 90-ականների ամենավառ աստղերից մեկը:

Խոսելով տարիներ շարունակ այս թեմայի շուրջ զրույցների բացակայության մասին՝ Լիլիթ Կարապետյանն անկեղծացել է ու ասել, որ նախկինում ինքն ավելի խուսափել է այս թեմայի մասին խոսակցություններից:

«Այդ մարդն այլևս չկա, հարազատները կարող են գրել այս թեմայի մասին ինչ ուզեն, բայց եթե նա լիներ, նման բան թույլ չէր տա: Եղել է նման դեպք, երբ այս մասին հարցազրույցի մի կտորով ես կիսվել էի, իրենք խառնվել էին, թե չի կարող նման բան լինել և այլն»,- նշել է նա:

Վերջինս խոսել է նաև 1999թ. հոկտեմբերի 27-ի մասին՝ ասելով, որ չէր կարողանում հավատալ կատարվածին ու նրան, որ Վազգեն Սարգսյանը ոճրագործության զոհ է դարձել:

«Ես այդ օրը երբեք չեմ մոռանա, այդ օրն այնքան զանգ եմ արել, որ պատկերացնելու չէ, ինձ պետք էր նրա ձայնը լսել ընդամենը, որովհետև ներքին ձայնս ասում էր՝ հնարավոր չէ նման բան:

Անընդհատ լսում էի, բոլորն ասում էին՝ էլ չկա սպարապետը, բայց ես չէի հավատում, մինչև որ նրա վարորդը՝ Հակոբը, հեռախոսը վերցրեց, ինձ ասաց՝ Լիլ ջան, չկա, էլ չկա… Ինձ թվում էր՝ սուտ է, սուտ է:

Մեր ընտանիքի ճակատագիրը հենց էդ վայրկյանից խեղաթյուրվեց: Ինքը շատ մտերիմ էր թե՛ եղբորս, թե՛ մորս հետ: Ես ու եղբայրս Վազգենի մեջ ամեն ինչ էինք տեսել ու երբեք չէինք օգտվել առիթից, ֆինանսական առումով իմ կյանքում ոչ մի փոփոխություն չէր եղել, քանի որ մաքուր զգացմունք էր, մաքուր հարաբերություն, ինչպես բոլոր սիրահարված մարդկանց կյանքում»,- նշել է երգչուհին ու հավելել, որ եթե սպարապետը ողջ լիներ, կունենայինք մեր երազած լուսավոր հայրենիքը:

«Մենք ամեն վայրկյան կապի մեջ ենք եղել, նույնիսկ արտերկիր այցերի ընթացքում նա ինձ միշտ զանգել է, անընդհատ կրկնել, որ սիրում է ու երբեք չի ստիպել, որ ես էլ նույնն ասեմ: Այս բոլոր տարիներին, երբ ես գնում եմ «Եռաբլուր», ծնկի եմ գալիս ու ուզում այդ նախադասությունն ասել, որ գոնե այդպես հասցնեմ նրան»,- եզրափակել է երգչուհին:

Please enter a valid URL