Պաշտոնական Բաքուն շարունակում է հեռահար մեղադրանքները Երևանի ուղղությամբ: Այդ երկրի արտաքին գործերի ծառայության խոսնակ Այխան Հաջիզադեն կասկածի տակ է դրել հայկական կողմի հայտարարությունները տարածաշրջանում խաղաղություն ու անվտանգություն հաստատելու վերաբերյալ:
Նա նաև անհիմն և անընդունելի է համարել Հայաստանի արտգործնախարարի՝ ադրբեջանական կողմին ուղղված մեղադրանքները։
Ըստ ԱԳՆ ներկայացուցչի՝ այն, որ Արարատ Միրզոյանն իր հարցազրույցում օգտագործում է «Լեռնային Ղարաբաղի իշխանություններ» արտահայտությունը, վկայում է այն մասին, որ Երևանը չի հրաժարվում «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից»։
Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Հայաստանը կառուցողական և բարեխիղճ մոտեցում է ցուցաբերում բանակցային գործընթացին, քանի որ իր վերջնանպատակը տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատումն է, հարցազրույցում շեշտել էր Արարատ Միրզոյանը:
Ադրբեջանի ԱԳՆ-ն կարծում է, որ Միրզոյանն իր հարցազրույցում խեղաթյուրել է նաև Լաչինի ճանապարհի շուրջ ստեղծված իրավիճակը, հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքը:
Մինչդեռ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել էր, որ անկախ Լաչինի միջանցքում ադրբեջանական ապօրինի գործողություններից և մոսկովյան հանդիպման հետաձգումից՝ հայկական կողմն ավելի քան մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ նոր առաջարկները և դրանց հիմնավորումները, սակայն դեռևս արձագանք չկա:
«Այսպիսով, գնդակն այժմ Ադրբեջանի դաշտում է», — նշել էր նախարարը:
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ արդեն 42 օր: Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։