Պետք է նշեմ, որ մեր միջազգային գործընկերների ցուցաբերած աջակցությունը թեեւ շատ կարեւոր, բայց ամենակարեւոր գործոնը չէ: Այս մասին Կոտայքի մարզում Պարեկային ծառայության աշխատանքի բացմանը նվիրված միջոցառման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շատ ավելի կարեւոր է հասանելիությունը միջազգային գործընկերների կողմից ընձեռնվող այն ստանդարտներին, որոնք գոյություն ունեն առաջավոր աշխարհում: Մենք շարունակելու ենք այս ճանապարհը բոլոր ոլորտներում եւ մենք խոսում ենք մեր ստանդարտների մասին աշխատանքային քննարկումներում, ես ասում եմ, որ մենք որպես օրինակ պետք է հետեւենք 3-10 մլն բնակչություն ունեցող այն երկրներին, որոնք դասվում են այսօր աշխարհի զարգացած երկրների շարքին: Սա պետք է լինի այն օրինակը, որը մենք պետք է ունենանք մեր առաջ»,-ասել է նա:
Նրա խոսքով` այսօր ծառայության անցնող պարեկը չպետք է առաջնորդվի պատեհությամբ, այլ պետք է առաջնորդվի օրենքով:
«Դուք ծառայության մեջ եք մտնում ամեն բակում, ամեն քաղաքում ու գյուղում ապացուցելու համար, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, որովհետեւ եթե հանկարծ բոլորը հավասար չեն օրենքի առաջ, դա նշանակում է, որ ՀՀ-ում կան 1-ին սորտի մարդիկ, 2-րդ սորտի մարդիկ եւ 3-րդ սորտի մարդիկ: Ոչ, ՀՀ-ում բոլորը հավասար են օրենքի առաջ եւ հավասարության ապահովման առաջին շարքում եք ծառայելու դուք այսօրվանից սկսած»,- ասել է նա` բարի ծառայություն մաղթելով պարեկներին: